Բաժիններ՝

Ստեփանակերտում կգործի «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոն

Ստեփանակերտի «Էմբադա» առևտրի և ժամանցի բազմաֆունկցիոնալ համալիրում սեպտեմբերի 15-ից կգործի «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոնի ղեկավար Մերի Ավանեսյանը: Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության նպատակն է զարգացնել երեխաների մտավոր և ստեղծագործական կարողությունները, մտքի վարժանքը: Սովորեցնել կենտրոնանալը, արագ հաշվելը, զարգացնել տեսողական և լսողական հիշողությունը, ըմբռնողականությունը, խթանել երեխայի ուսումնական առաջադիմությունը: Երեխայի մեջ սերմանել վստահություն և նրան դարձնել ավելի անկախ, զարգացնել ստեղծագործական և մտավոր կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ երեխաներին գիտակցելու իրենց ողջ կարողությունները հետագա կյանքում կիրառելու համար: Կենտրոնում կգործի «Բրեյն ֆիթնես» նորարակական ծրագիրը, որը երեխաներին հնարավորություն կտա ավելի արագ որոշումներ կայացնել:

Մ. Ավանեսյանը նշել է, որ «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոն կարող են հաճախել 4-12 տարեկան երեխաները:

«Մենք երեխաներին տրամադրելու ենք համապատասխան գրքեր և գրենական պիտույքներ, Աբակ-հաշվիչներ: Շաբաթական երեխաները կենտրոն են այցելելու 1 անգամ, իսկ մնացած օրերը նրանց հետ աշխատելու ենք «on-line» տարբերակով: Եթե երեխայի հետ աշխատում ենք օրը 2-ական ժամ, ապա ծնողը ամսական վճարում է 16 հազար դրամ, իսկ եթե 3 ժամ, ապա՝ 20 հազար: Կենտրոնում դասավանդելու են համապատասխան վերապատրաստում անցած մասնագետները:

«Աբակուս»-ում գործող մտավոր թվաբանության ծրագիրն առավել հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար այն պարբերաբար կատարելագործելու ենք»,-տեղեկացրել է կենտրոնի ղեկավարը և հավելել, որ այժմ իրենք զբաղվում են երեխաների ընդունելությամբ:
Ըստ մեր զրուցակցի՝ «Աբակուս» մենթալ թվաբանության կենտրոնը գործում է աշխարհի 56 երկրների 200 քաղաքներում, այդ թվում և Հայաստանում: Կենտրոնը հանդիսանում է միջագային ասոցացիայի պաշտոնական ներկայացուցիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս