«ՄԱԿ-ի փողերը Սիրիա կգան միայն քաղաքական գործընթացի գործարկումից հետո». Մոգերինի
ՄԱԿ-ի փողերը Սիրիայի վերականգնմանը կուղղորդվեն միայն երկրում քաղաքական գործընթացի սկսվելուց հետո: Այդ մասին օգոստոսի 31-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները:
«ՄԱԿ-ի փողերը Սիրիա կգան միայն այդ երկրում հաստատուն քաղաքական գործընթացի գործարկումից հետո»,- ասել է Մոգերինին, որի ելույթ հեռարձակել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը: Բրյուսելում քաղաքական գործընթաց ասելով նկատի ունեն նախագահ Բաշար Ասադից իշխանության փոխանցումը անցումային կառավարությանը:
Մոգերինին նաեւ նշել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները կոչ են արել թույլ չտալ եւ կանխել մարտական գործողությունների ծավալումը սիրիական Իդլիբում, որը մնում է հակակառավարկան ուժերի ձեռքում: Հանդիպմանն ունեցած իր ելույթում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սեպտեմբերին կարող են քննարկել Սիրիա փախստականների վերադառնալու հետ կապված հարցերը: Նրա խոսքով՝ Եվրոպան «չպետք Է կողքից նայի, այլ մասնակցի» միգրացիոն հարցի լուծմանը:
Ավելի վաղ Եվրամիության գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Սիրիային նվիրված նախարարական հանդիպումը Նյու Յորքում կանցկացնի Եվրամիությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը կբացվի 2018 թվականի սեպտեմբերի 18-ին: Սպասվում է, որ այնտեղ ելույթ կունենան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, եւս 109 պետությունների ղեկավարներ եւ կառավարությունների 86 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: