
ԵՄ-ն Վրաստանին 45 մլն եվրո է հատկացրել երկրում բարեփոխումներին աջակցելու համար

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանի հետ համաձայնագիր է ստորագրել երկրին 45 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնություն (AMF) ցուցաբերելու վերաբերյալ՝ նրա արտաքին պահանջմունքների մի մասը բավարարելու եւ երկրում տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար:
Այդ մասին հայտնել է ԵՄ-ի մամուլի ծառայությունը: «Այս համաձայնագիրը ներառում է միջոցառումներ, որոնք կօգնեն Վրաստանի տնտեսությունը դարձնել ավելի կայուն, ավելի ուժեղ եւ համապարփակ աճով՝ ի շահ իր քաղաքացիների»,- մամուլի տեղեկագրում մեջբերվում է տնտեսական եւ ֆինանսական հարցերի, հարկման եւ մաքսային հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիչիի խոսքը:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ մակրոֆինանսական օգնության այս ծրագիրը կլրացնի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմի (EFF) շրջանակներում Վրաստանի համագործակցության ծրագիրը: 35 մլն եվրոն կտրամադրվի արտոնյալ վարկով՝ կապիտալի շուկայում ԵՄ-ի փոխառությունների հաշվին, 10 միլիոնը՝ ԵՄ-ի բյուջեից դրամաշնորհի տեսքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: