«ԵՄ-ն հայելային պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն ավտոմոբիլների մաքսեր սահմանի». Յունկեր
Եվրամիությունը (ԵՄ) սահմանափակիչ սակագներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե վերջինս Եվրոպայից ավտոմոբիլների ներկրման մաքսեր սահմանի: Օգոստոսի 31-ին այս մասին Գերմանիայի ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
«Եթե դա (ավտոմոբիլների ներմուծման մաքսերի սահմանումը) տեղի ունենա, մենք նույնպես դա կանենք»,- պատասխանել է Յունկերը լրագրողուհու այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ը բարձրացնի ավտոմոբիլների ներմուծման մաքսերը:
Ավելի վաղ առեւտրի եվրակոմիսար Սեսիլյա Մալմստրյոմը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ կլինի «զրոյի հասցնելու» ավտոմոբիլների իր ներմուծական մաքսերը, եթե ԱՄՆ-ը նույն բանն անի: Սակայն այնուհետեւ Թրամփը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ բավականաչափ լավ չի համարում ավտոմոբիլների ներմուծման մաքսերից հրաժարվելու ԵՄ-ի առաջարկությունն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ վարվի:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը հունիսին Թրամփի ցուցումով հայտարարել է հետաքննություն սկսելու մասին, որը կոչված է պարզելու, թե Ամերիկայի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծում են արդյոք այլ պետություններից ավտոմոբիլների եւ համալրող մասերի մատակարարումները երկրին: Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ-ին Եվրոպայից մատակարարվող ավտոմոբիլների 25-տոկոսանոց մաքսերի սահմանման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: