21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է. Փաշինյանը հյուրընկալել է «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողներին
ՀՀ վարչապետի նստավայրում օգոստոսի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողները հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանը երեխաներին հանձնեց մեդալներ ու հավաստագրեր:
Այս տարի «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունը բաղկացած էր 34 երեխայից. պատվիրակության մեջ ընդգրկված են «Կենգուրու-2018»-ի և «Մեղու-2017»-ի տասը բացարձակ հաղթողները, յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթներում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները:
ՀՀ վարչապետը շնորհավորական խոսքում ընդգծեց, որ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, և 21-րդ դարում դա յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է:
«Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն: Ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում ՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզանից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորությունը: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում, որպեսզի յուրաքանչյուրը` սկսած վարչապետից ավարտած ցանկացած այլ մասնագիտության զբաղմունքի տեր մարդով, հասկանա, որ իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք:
«Ցավոք, Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ասելով սովորաբար հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները և ուսանողները, բայց կրթությունը 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է»,- շեշտեց Փաշինյանը:
«Մեղու-2017»-ի հայերենի մրցույթին մասնակցել է 38 հազար 743 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 991 դպրոցներից, իսկ «Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է 43 հազար 941 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 1070 դպրոցներից: