ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի գործոնը մեծ է լինելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ. քաղտեխնոլոգ
«Ապրիլին հեղափոխական էյֆորիան չի լինելու խորհրդարանական ընտրություններից առաջ: Խորհրդարանական ընտրություններին, ուզենք թե չուզենք, իրենց խաղն են խաղալու արտաքին քաղաքական ուժերը: Արտաքին միջամտություն՝ տեսանելի կամ ոչ տեսանելի, լինելու է թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԱՄՆ-ի կողմից, և բավականին որոշիչ դեր կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ կարևոր գործոն կլինի ՀՀԿ-ն, որն այս պահին ընդդիմություն է իր կարգավիճակով ու, թեև Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում, խորհրդարանական ընտրություններին անպայման կմասնակցի:
Ա.Բադալյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահի գործոնը կարևոր դեր կունենա, որովհետև եթե նա չկալանավորվի, փորձելու է ոչ հրապարակային կամ հրապարակային ստեղծել մի ձևաչափ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հաջորդ գործոնը, որ, ըստ փորձագետի՝ դերակատարություն է ունենալու, հաշվետվությունն է կառավարությունից.
«Հիմա մեղմ են նայում, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ քննադատական հաշվետվությունն իր դերը կատարելու է: Չի բացառվում, որ Ղարաբաղի ճակատում գործընթացներ լինեն, որոնք ազդող գործոն կլինեն և կազդեն ԱԺ ընտրությունների ժամանակ: Եվ չի կարելի ասել, որ ավագանու կազմը կարելի է նույնականացնել Աժ կազմին»: