«Երևանում էլեկտորատի տրամադրությունները դեռ հասկանալի չեն». Վիգեն Հակոբյան

«Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն առումով, որ հետհեղափոխական առաջին ընտրություններն են, այլ նրանով, որ չենք տեսնում որևէ ուժ, որն իրեն դիրքավորի՝ որպես ընդդիմություն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին:

Ըստ նրա՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և բաց դաշտում դժվար թե լինի մրցակցություն իշխող քաղաքական ուժի հետ: Վերլուծաբանի կարծիքով՝ իշխանության հետ ասոցիացվող բոլոր ուժերի և իշխանության հիմնական մարտավարությունը լինելու է այն, որ թիրախ են ընտրելու նախկին իշխանություններին, ասելու են, որ թալանում էին ու վատ էին կառավարում. «Հիմնականում փորձելու են ինչ-ինչ նյուանսների, առավելապես՝ ծրագրային դրույթների շուրջ բանավեճեր անել»:

Վ.Հակոբյանը ձեռնպահ մնաց ասել, թե որ ուժը որ տեղը կզբաղեցնի ընտրություններում, բայց նշեց, որ դատելով այսօրվա տրամադրություններից, որ հեղափոխության պաթոսը պահպանվում է, այդ տրամադրությունները որոշակի դեր կունենան ընտրությունների արդյունքների վրա:

Նրա խոսքով՝ իշխանության բարձր ռեյտինգը կուտակված է անձամբ վարչապետի շուրջ և կախված նրանից, թե որքանով նա ներգրավված կլինի ընտրական պրոցեսում, այնքան բարձր արդյունք կգրանցի.

Կարդացեք նաև

«Կախված է նրանից, թե ինչ քարոզչություն կիրականացվի, և կախված է նրանից, թե ինչ տոկոս են ուզում ստանալ այսօրվա իշխանությունները՝ ջախջախի՞չ արդյունք, թե՞ որ բավարարի նաև հասարակությանն ու մասնակից ուժերին: Հիմնական պայքարը կարող է ընթանալ երկրորդ տեղի համար: Բայց Երևանում էլեկտորատի տրամադրությունները դեռ հասկանալի չեն»:

Վ.Հակոբյանը նշեց, որ «Լույս» դաշինքը ներգրավել է ուժերի, որոնք տարբեր արտաքին կողմնորոշում ունեն, եթե ԲՀԿ-ն զրկվի իր ինչ-ինչ ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից, լուրջ մրցակցություն կլինի «Լույսի» հետ: Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն կարող է իր ավանդական գործիքներն ու մարտավարությունը փոխել, դա է հուշում նաև դաշինքի կազմը:

«Ոչ բոլորը հաղթանակի հույս ունեն, ոմանց համար ստուգատես է, ոմանք խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են իրենց ուժերը, ոմանք, որ քաղաքական դաշտում վաղուց կան, մտնում են քաղաքական առևտրի մեջ»,- ասաց Վ.Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս