Քննչական կոմիտեն՝ ընտանիքի 4 անդամի կյանքը խլած վթարի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընտանիքի 4 անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2018թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող «OPEL VECTRA A» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հետնամասին, որի հետևանքով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է իրենից աջ՝ ճանապարհի կողնակային հատվածում կայանված «SCANIA» մակնիշի MCH-700 հաշվառման համարանիշի քարշակով ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «VAZ 2107» ավտոմեքենայի վարորդը՝ Մարատ Արսենյանը, և մեքենայում գտնվող նրա երեք որդիները տեղում մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Մ.Արսենյանը և նրա երեք որդիները ճանաչվել են տուժող։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշանակվել են փորձաքննություններ: