
Բջջային YouTube-ում հայտնվել են ժամանակի կառավարման գործիքներ

YouTube-ում կարելի է գտնել տեսանյութեր ամեն ճաշակի համար: Նորաձևության, գեղեցկության, խաղերի, շինարարության, երաժշտության, դասախոսությունների, ձայնագրությունների, նոր ֆիլմերի անոնսների մասին բազում տեսանյութեր. այս ամենը դիտելու համար նույնիսկ ամբողջ կյանքը բավարար չի լինի: Զարմանալի չէ, որ շատ մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են վերահսկողությունը և ամբողջ օրն անցկացնում են տեսանյութեր դիտելով:
Google-ը որոշել է օգնել նման օգտատերերին: Ընկերությունը տեսանյութեր դիտելու հայտնի հարթակում կիրառում է նոր գործառույթ, որի միջոցով դուք կարող եք իմանալ, թե որքան ժամանակ եք արդեն անցկացրել տեսանյութեր դիտելով:
Ծրագրային կարգավորումներում սեղմեք «Ձեր դիտման ժամանակը» հղումը: Այստեղ դուք կգտնեք վիճակագրություն տվյալ օրվա, նախորդ օրերի և ընթացիկ շաբաթվա մասին: Ներքևի հատվածում կան գործիքներ, որոնք կօգնեն կառավարել ինքներդ ձեզ և խնայել ձեր ժամանակը:
Այդ գործիքներից են՝
- Հիշեցում, որ պետք է հանգստանալ: Այս գործառույթի միջոցով կարող եք ֆիքսել, թե որքան ժամանակ եք ծախսում տեսանյութեր դիտելու վրա: Ձեր ընտրած ժամանակից հետո դուք ծանուցում կստանաք, որը կառաջարկի մի փոքր դադար վերցնել:
- Նոր տեսանյութերի մասին ծանուցում դուք կստանաք օրը մեկ անգամ միայն: Այդ ժամը դուք կարող եք ինքներդ ընտրել:
- Կարող եք ընտրել լուռ ժամեր, երբ ծանուցումները կլինեն առանց ձայնի:
Ընկերության բլոգում հեղինակները նշում են, որ այս գործիքներն արդեն հասանելի են YouTube-ում: Դրանք գործում են Android-ով և iOS-ի 13.17-ից բարձր թարմացումներով սմարթֆոնների համար:
Սիրարփի Աղաբաբյան