«Դատարանը մեղավոր կճանաչի, ամենախիստ պատիժը կտա, թող տա, կվերջանա հարցը, բայց…». Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալու մեկ ճանապարհ կա՝ երկու անգամ վարչապետ չընտրելն է:
«Պետք է գնանք ընտրությունների` հարգելով սահմանադրական այն կարգը, որը կա: Եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, ինչը վարչապետի խոսքից կարելի է նկատել, ես դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ այդպիսի բան չի երևացել, որ մի բան պայմանավորվենք, չարվի: Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովն իր այսօրվա կարգավիճակով որևէ կերպ խոչընդոտում է գործադիրի աշխատանքներին: Ես այսօր Ազգային ժողովին չեմ տեսնում ապակառուցողական վիճակի մեջ»,- ըստ «Ա1+»-ի՝ ասել է նա:
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ, ով կիսում է նրանց մոտեցումներն ու մտահոգությունները:
«Ով ուզում է լինի, թե չէ հակառակը, որ լիներ, մենք ՀԱԿ-ի հետ միասին քառյակ չպետք է կազմեինք։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին ընդունել ենք մեր Գերագույն մարմին, մենք համարել ենք, որ ճիշտը դա է և մեր երկրում թշնամիներ չպետք է ունենանք»,- ասել է նա։
Եթե ժողովուրդն է որոշում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, ապա Ա. Ռուստամյանի խոսքով, ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին աջակցելուն, Արմեն Ռուստամյանը նշեց, որ անվերապահ որևէ մեկին չեն աջակցում:
«Դատարանը մեղավոր կճանաչի, ամենախիստ պատիժը կտա, թող տա, կվերջանա հարցը, բայց պետք չէ դատարանից առաջ անցնել։ Էդպես կարելի է ցանկացածին դատել, այս մեկը դուրս չգա և ինչ մեղադրանք ասես կարող են ներկայացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։