«Եթե այս տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի հետո ընդհանրապես գյուղատնտեսություն չենք ունենա». Հրաչ Բերբերյան

«Վիճակագրական վարչության թվերը զավեշտալի են, անմխիթար են մեզ համար. 6412 հեկտարով ցանքատարածությունները նվազել են: Նման զավեշտալի վիճակ Հայաստանի գյուղատնտեսությունը չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում խիստ պակասել են կարտոֆիլի ցանքատարածությունները. «Գյուղացին չի վստահում այս բնագավառի ղեկավարներին»:

Բերբերյանի խոսքով՝ բանջարեղենի գները բարձրանում են, որովհետև ցանքատարածությունները նվազել են. «Այստեղից օգտվել է ոռոգման ցանցը, որովհետև ցանք չի եղել, չեն ոռոգել: 4-5 հազար տոննա պակաս բերք ենք ունեցել այս տարի, հետո էլ ասում են` հայկական տոմատի մածուկ չկա, որտեղի՞ց լինի, որ 1700 հա-ով լոլիկն է պակասել: Ցանքատարածությունները նվազել են, որովհետև այդպես էլ չենք ձևավորել արտահանման սխեմաները, որը կխթաներ գյուղացուն: Ունենք նաև վերամշակման խնդիր: Կարտոֆիլի ցանքատարածությունները պակասում են, որովհետև ունենք սերմացուի խնդիր, ոռոգման ջրի խնդիր:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ եթե այս տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի հետո ընդհանրապես գյուղատնտեսություն չենք ունենա. «Եվս երկու խելոք ղեկավար, և գյուղատնտեսության մասին էլ չենք խոսի»:

Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրառին, նա ասաց, որ առնվազն խեղկատակություն էր, որ գարնանն ունեինք բավականաչափ տեղումներ, ջրամբարները լիքն էին, մեկ էլ հանկարծ այդ ջուրն անհետացավ. «Բայց մենք ունենք նաև հէկ-երի խնդիրը, որոնք տզրուկի պես կպած են ջրամբարներին: Այդ ջրամբարները ստեղծվել են գյուղացու համար, ոչ թե հոսանք արտադրելու համար: Ջրային տնտեսությունում պետք է գնանք օրենսդրական լուրջ բարեփոխումների, գնանք այլընտրանքային ոռոգման համակարգի: Եթե այդ մոնոպոլիան քանդվի, ապա ջուրը կէժանանա»:

Բերբերյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մենք ահազանգեցինք անասունների գլխաքանակի անկման մասին. «Սակայն ունեինք մի «մասնագետ»՝ Իգնատի Առաքելյանը, որը շինարար էր, անասնապահությանը հարված տվեց, և 90 հազար գլուխ անասունների գլխաքանակի անկում եղավ: Հիմա մեզ  մոտ հինգ տարի է պետք, որ վերականգնենք այդ գլխաքանակը»:

Տեսանյութեր

Լրահոս