ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի պատվիրակությունները «կառուցողական բանակցություններ» են անցկացրել առեւտրի հարցերի շուրջ
Չինաստանն անկեղծ ու օգտակար է որակել ԱՄՆ-ում կայացած բանակցությունները, որոնք նվիրված էին երկու երկրների առեւտրական տարաձայնություններին: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «երկու երկրների պատվիրակություններն անկեղծ ու կառուցողական բանակցություններ են անցկացրել երկկողմ առեւտրի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Բանակցություններն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի են ունեցել օգոստոսի 22-ին եւ 23-ին Վաշինգտոնում:
Մինչդեռ Միացյալ Նահանգերում օգոստոսի 23-ին ուժի մեջ են մտել Չինաստանից 16 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման լրացուցիչ մաքսերը: Պեկինը հայտարարել է ներմուծվող ամերիկյան ապրանքների նկատմամբ համանման քայլի մասին:
ԱՄՆ-ի Մաքսային ծառայությունը հավաստել է, որ օգոստոսի 23-ից 16 միլիարդ դոլար գումարի չինական ապրանքներից 25 տոկոս մաքս կգանձվի՝ սահմանված ցուցակին համապատասխան:
Չինաստանի առեւտրի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ընդգծված է, որ «այդ առնչությամբ Չինաստանը վճռական բողոք է հայտնում եւ հարկադրված է շարունակել պատասխան քայլերի ձեռնարկումը»:
Միաժամանակ հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանն, ի պատասխան Միացյալ Նահանգների գործողությունների, հայց կհարուցի Առեւտրի համաշխարհային կազմակերպության իրավարանում՝ ելնելով «բազմակողմ առեւտրի մեխանիզմը եւ իր արմատական շահերը պաշտպանելու» ձգտումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: