Բաժիններ՝

«Չվախենալ և մարտահրավերներն ընդունել ինչպիսին որ կան, չուռճացնել, բայց և չթերագնահատել…»

Հարցազրույց առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու քահանա, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Երկու տասնամյակ է, ինչ նա ծառայում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում:

Կա մեկը, որ կարող է քեզ սիրել հենց այնպես

-Տե՛ր հայր, ի՞նչ կպատմեք մեզ Ձեր մանկությունից:

– Ծնվել եմ խորհրդային պարզ ընտանիքում: Ծնողներս շաբաթը մեկ-երկու անգամ եկեղեցի էին այցելում՝ մեզ իրենց հետ տանելով: Նախնիներս Պարսկաստանից էին` հավատացյալ մարդիկ: Ես մկրտվել եմ վեց տարեկանում: Իմ հանդիպումը Աստծո հետ մեր տան սրբապատկերների անկյունում էր: Երբ հուզվելու կամ ուրախանալու պատճառ էի ունենում, կամ պարզապես անհրաժեշտ էր լինում Աստծուն շնորհակալություն հայտնել, ես կանգնում էի սրբապատկերների առջև՝ աղոթելով և՛ ինձ, և՛ ընտանիքիս համար:

Դպրոցական տարիքում չէի կարողանում հասկանալ այն իրողությունը, որ ինձ ինչ-որ բանի համար պիտի սիրեն: Երբ ճեմարանում լրջորեն կարդացի Նոր Կտակարանը, հասկացա՝ կյանքում անպայման չէ, որ սերն ինչ-որ կերպ պետք է վաստակել: Քրիստոսին որպես օրինակ ունենալով ես հասկացա, որ այս աշխարհում կա մեկը, Ով կարող է քեզ սիրել հենց այնպես: Հոգևորական լինելու ամենամեծ պատճառներից մեկը հենց դա մարդկանց պատմելու ցանկությունն էր:

Դեպի Աստված տանող ճանապարհը

– Մինչ Նոր Կտակարանն ընթերցելը պետք է հոգևոր կրթական հաստատություն դիմելու որոշում կայացնեիք:

– Ուզում էի բժիշկ դառնալ, սակայն մի դեպք փոխեց իմ կյանքը: Վեցերորդ դասարանում մայրիկիս հետ այցելել էի Մայր Տաճար: Այնտեղ ես տեսա հոգևորականների, ովքեր թանգարան այցելած զբոսաշրջիկներին կիրթ, գրագետ, տարբեր լեզուներով ծանոթացնում էին ցուցանմուշներին: Շատ տպավորվեցի: Մորս ասացի՝ ես իրենց պես պիտի դառնամ: Այդ պահին հասկացա, որ դեպի Աստված տանող ճանապարհը նաև գրագիտությունն ու կրթությունն է: Չէ՞ որ Աստված մեզ տալիս է ավելիին հասնելու ձգտում, գիտելիքի միջոցով աշխարհը բացահայտելու կարողություն:

-Տե՛ր հայր, հոգևոր կրթություն ստանալու տարիներին ինչպե՞ս էիք ձևավորվում որպես հոգևորական:

– Վազգենյան դպրանոցում ես ինքս ինձ և Աստծո հետ մեն-մենակ մնացի: Դա պատասխանատու պահ էր կյանքիս, ապագա գործունեությանս համար, քանի որ քիչ-քիչ ձևավորվում էի որպես հոգևորական: Դպրանոցը մի մեծ ընտանիք էր, որտեղ կարգուկանոն կար, որտեղ դասախոսներդ կարող էին լինել շատ մտերիմ և շատ պահանջկոտ: Իրապես, նրանք մեզ տվեցին ամենաթանկը, ինչ-որ ունեին: Վերջին մեկ տարում սովորեցինք Գևորգյան ճեմարանում: Այստեղ էլ նույն իրողությունն էր, պարզապես ընտանիքս մեծացավ: Որպես մարդ և հոգևորական իմ կերտման և կայացման գործում իր դերակատարությունն ունեցավ Գարեգին Երկրորդ Վեհափառը, ով Վազգենյան դպրանոցի հիմնադիրն էր:

Ուղի, որն ընտրել ես քո և Աստծո կամքով

-Ավելի քան երկու տասնամյակ ծառայում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Մանրամասնեք, խնդրեմ:

-1999 թ. ձեռնադրվեցի ամուսնացյալ քահանա: Մի քանի ամիս ծառայեցի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հետո տեղափոխվեցի Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցի, այնուհետև բանակում հոգևոր ծառայության անցա: Երկու տարի անց վերադարձա, մինչև 2005 թվականը ծառայեցի Սբ. Հովհաննես, որից հետո` Սբ. Երրորդություն եկեղեցիներում: Ուզում եմ առանձնակի ընդգծել իմ ծառայության բանակային շրջանը, որը նման չէր մնացածներին:

Մենք միշտ պատրաստ էինք` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իբրև հոգևորական, ես շատ բաներ սովորեցի բանակից:

Արդեն երեք տարի է ծառայում եմ առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ գործունեությանս շրջանակները շատ ավելի լայն են, պատասխանատվությունս` ավելի մեծ: Սա ոչ միայն հովվական կյանք է, այլև առաջնորդարանի մի քանի գրասենյակների աշխատանքների համակարգում` տեղեկատվական բաժին, խմբագրություն, կրթադաստիարակչական կենտրոն: Սա մի ասպարեզ է, որը ամեն օր սովորելու, նոր բացահայտումներ անելու հնարավորություն է տալիս:

-Գիտենք, որ հատուկ կարիքներ ունեցողների հետ հաղորդակցվելու համար ժեստերի լեզուն եք սովորել և կիրառում եք:

– Սբ. Հովհաննես եկեղեցում աշխատելու տարիներին ծանոթացա խուլերի հետ և սկսեցի սովորել ժեստերի լեզուն: Իհարկե, դա հետո առավել ընդգրկուն կիրառեցի Սբ. Երրորդություն եկեղեցում, որտեղ ձևավորվեց խուլերի համայնքը: Եթե սկզբում նրանք սիրո, հոգածության կարիք ունեին, ապա այժմ իրենք են մարդկանց տալիս սեր, ջերմություն և տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս համայնքային կյանքում:

-Տե՛ր հայր, տաս տարի ծառայել եք Սբ. Երրորդություն եկեղեցում, ինչպիսի՞նն էր այդ ժամանակահատվածը Ձեզ համար:

– Համայնքին ծառայելու և բոլոր դժվարությունների, փորձությունների միջով անցնելու բացառիկ շնորհ է ու հնարավորություն: Սբ. Երրորդություն եկեղեցում իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ համայնքի հոգևոր իմաստով կրթվելը: Հաջողվեց մարդկանց ժամերգության և Սուրբ Պատարագների բերել: Եկեղեցին ևս հրաշալի, լուսավոր և տարածքի առումով շատ բարենպաստ էր: Հասկացա, որ իմ բոլոր երազանքներն իրականություն են դառնում: Թեև այդ պահին երազանքը շատ համարձակ կամ անիրականանալի կարող էր թվալ, միևնույն է, հոգևոր-մշակութային, կրթական ծրագրերս շարունակաբար կյանքի էին կոչվում:

– Ծառայել Մելքիսեդեկի կոչմանը, նշանակում է…

-Ավետարանն ասում է. «Լինել մշակներ` առանց ամոթի», այսինքն` ծառայել, բայց ծառայության ընթացքում չամաչել, չափսոսալ ոչ մի բանի համար, լինել անկեղծ ու ազնիվ մարդ: Թվում է՝ պարզ բանաձև է, բայց չեմ կարծում, թե կգտնվի որևէ հոգևորական, ով կասի, թե դյուրին է անցել ծառայությունը: Սա մի ուղի է, որն ընտրել ես քո և Աստծո կամքով: Ուստի պարտավոր ես ազնիվ անցնել այն: Եվ եթե համաձայնել ես ընդունել Աստծո կամքը, ամեն ինչ լավ կընթանա:

-Լինել քսանմեկերորդ դարասկզբի հոգևորական, նշանակում է նաև դիմակայել որոշակի մարտահրավերների: Հաջողվու՞մ է դա Ձեզ:

– Նախ որոշակիացնենք դրանք. աշխարհիկացում, նյութապաշտություն, չարություն, ընտանեկան աղճատված հարաբերություններ, մարդիկ ձգտում են մեղք գործել, բայց խղճի խայթ չզգալ, քրիստոնյա կոչվել, բայց քրիստոնյա չլինել, ազգային արժեքների խեղաթյուրում և օտարամոլություն, ինչն այսօր չափազանց վտանգավոր է: Ազգային և հոգևոր ինքնության գիտակցումը չափազանց կարևոր է: Պետք է միշտ հիշել, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք և կրել այդ առաքելության ողջ պատասխանատվությունը: Ինչպե՞ս դիմակայել. Չվախենալ և մարտահրավերներն ընդունել ինչպիսին որ կան, չուռճացնել, բայց և չթերագնահատել: Միշտ պատրաստ լինել դրանց դեմ պայքարելու: Սրանք առհասարակ, ժամանակակից մարդուց պահանջվող հատկանիշներ են, որոնք ես ցանկանում եմ տեսնել իմ զավակների, մեր պատանիների ու երիտասարդների մեջ:

Ազատություն` ստեղծագործ կյանքով ապրելու համար

– Նշեցիք ընտանեկան հարաբերությունների մասին: Ո՞րն է Ձեր ընտանիքի կազմավորման, կայացման կարևոր գրավականը:

– Սերը, փոխըմբռնումը, միմյանց նկատմամբ վստահությունն ու յուրաքանչյուր անդամի ազատությունը: Ընդհանրապես ազատության ըմբռնումը մեզանում հաճախ խեղաթյուրվում է: Իմ կարծիքով, ազատությունը տրված է մեզ ի վերուստ, հանուն այլ արժեքների, հանուն ստեղծագործ կյանքով ապրելու:

Իմ և կնոջս ընտանիքների միջև վաղեմի բարեկամություն կար: Չորս զավակ ունենք` երկու աղջիկ, երկու տղա: Մեծ դուստրս արդեն կողմնորոշվել է` նկարիչ-ճարտարապետ է դառնալու: Մյուսները դեռ միայն նախասիրություններ են դրսևորում: Աղջիկներն ըմբռնումով են մոտենում իմ հաճախակի բացակայությանը, նույնը չեմ կարող ասել տղաներիս մասին: Անընդհատ պահանջում են իրենց կողքին լինել: Միշտ չէ, որ հասցնում եմ, սակայն իմ խորհուրդներով ու ուշադրությամբ լրացնում եմ այդ բացը:

Պատրաստեց Գրետա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս