«Շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև՝ Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել։ Խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց, և կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ. «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»։
Ինչ վերաբերում է ՌԴ որոշ փորձագետների այն կարծիքներին, որ ՀՀ-ն գնում է Արևմուտք, նա այսպես արձագանքեց. «ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու և զարգանալու է։ Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ։ Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում էլ ենք մեր երկրի շահերը պաշտպանում, Իրանի հետ հարաբերություններում էլ։ Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է»։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, և խորհուրդ տվեց նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների չզանգել այնտեղ։