Ռոբերտ Քոչարյանն այլևս քաղաքական հետապնդման զոհ չէ՞

«Ամենևին։ Դա ապացուցում է, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար Հայաստանի Սահմանադրությունն ու արդարադատությունն ավելի վեր է, քան քաղաքական իշխանության քաղաքական ճաշակն ու պատվերները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման զոհ չէ, և Հայաստանում կա անկախ դատարան։

Ըստ նրա՝ դրա վառ ապացույցն է ՀՔԾ-ի վերջին հայտարարությունը, որ անօրինական են համարում դատարանի որոշումը. «Բայց նշել, որ Հայաստանում չկա քաղաքական պատվեր, Հայաստանում չկան քաղաքական ճնշումներ, Հայաստանում չկա անհարկի մեղադրանք տարբեր գործիչների նկատմամբ, իհարկե, այդպես չէ»։

Է. Շարմազանովը մնում է կարծիքին, որ ՀՀ-ում ոչ միայն Քոչարյանի գործով, այլ առհասարակ կան մի շարք քրեական գործեր, որոնց առանցքը ոչ թե արդարադատությունն է կամ իրավական նորմերը, այլ որոնց առանցքը, միգուցե, կա՛մ անձնական վրեժխնդրությունն է, կա՛մ անձնական ու քաղաքական հաշիվներ մաքրելը։

Հարցին՝ եթե դատարանն ի վերջո արդարացնի Ռ. Քոչարյանին, հաշվի առնելով քաղաքականությամբ զբաղվելու մասին նրա հայտարարությունները, նա «դատապարտվա՞ծ» կլինի հրապարակայնորեն քաղաքականությամբ զբաղվելու, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ ունի և՛ քաղաքական, և՛ բարոյական իրավունք զբաղվել քաղաքականությամբ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Կարծում եմ՝ երկրորդ նախագահն այնքան խոհեմություն, փորձ և իմաստություն ունի, որ ինքը կարող է առանց իմ խորհուրդների որոշել՝ մտնել, թե չմտնել ակտիվ քաղաքականություն։ Բայց ես կարծում եմ, որ պետական մտածողություն ունեցող անձը, որպիսին ես համարում եմ նաև Քոչարյանին, չի կարող անտարբեր լինել իր հայրենիքի ճակատագրով»։

Տեսանյութեր

Լրահոս