«Սա հիմք է, որ քրեական գործը կարճվի». Ռուբեն Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը և վերացրեց առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Այս մասին լրագրողներին հայտարարեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ նախագահը շատ հանգիստ է ընդունել որոշումը և այժմ հեռացել է դատարանից։

«Օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման, պատասխանատվության՝ իր պաշտովարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր սահմանադրական կարգավիճակից։ Առաջին ատյանի որոշումը հակաօրինական էր»,- ասաց Ռ.Սահակյանը։

Ըստ նրա՝ եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար։ Նրա խոսքով՝ սպասում են, որ իրենք քրեական հետապնդման մարմինը կբողոքարկի այս որոշումը, և առջևում կա վճռաբեկ դատարան։

Պաշտպանի կարծիքով՝ սա հիմք է, որ քրեական գործը կարճվի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս