«Ռուսաստանի և Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա». Սուրեն Սարգսյան
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ թե ԱՄՆ նախագահն է սահմանել, այլ սահմանվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Ամբողջ Կոնգրեսը կողմ է քվեարկել պատժամիջոցներին, ընդամենը 2-3 հոգի է դեմ եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Թրամփը, ըստ էության, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Բայց մոտ ապագայում ռուս-ամերկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարներ փորձագետը չի տեսնում. «Ռուս-ամերիկյան լարված հարաբերություններն ավելի են խորանալու հենց նույն այս պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցների երկրորդ փուլը նույնպես կկիրառվի, որովհետև դա Կոնգրեսի կողմից ընդունված իրավական ակտերով է սահմանվելու, նախագահը դրա վրա որևէ վերահսկողություն չունի, դիվանագիտական խողովակներն արդեն չեն աշխատում, և ռուս-ամերիկյան մրցակցությունն ամբողջապես անցել է քաղաքական դաշտ։ Այնպես որ, հաջորդ ալիքը նույնպես կլինի, և դրանից տուժելու է նաև հայկական տնտեսությունը։ Ռուսական ռուբլու նման արժեզրկումից հետո Հայաստան եկող տրանսֆերտները Ռուսաստանից, որոնք շոշափելի թիվ են կազմում, կարող են էապես կրճատվել, և գոնե այս առումով, եթե չգնանք այլ ուղղություններով, ապա Հայաստանի վրա ունենալու է շոշափելի ազդեցություն»։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա ընդգծեց, որ ամերիկյան պատժամիջոցներ դրվելու են Իրանի էներգետիկ ոլորտի վրա, որոնք շուտով ուժի մեջ են մտնելու. «Հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համագործակցությունն Իրանի հետ վերանայման կարիք ունենա։ Սա միակ ուղղությունը չէ. բարդանալու է նաև մեր առևտուրն Իրանի հետ, որովհետև պատժամիջոցների տակ հայտնվելու են՝ ընդհուպ մինչև իրանական արտադրության գորգերը։ Ուզում եմ ասել, որ գլոբալ պատժամիջոցներ են դրվելու, որոնք շատ խիստ են կիրառվելու։ Ճիշտն ասած՝ անկախության ձեռքբերումից ի վեր ԱՄՆ-ը մեզ երբեք երկընտրանքի առջև չի կանգնեցրել, որպեսզի մենք մեր հարաբերությունները սահմանափակենք Իրանի հետ, որովհետև Վաշինգտոնում ընկալում կա, որ Հայաստանն առանց Իրանի չի կարող գոյատևել։ Եվ ի պատիվ Վաշինգտոնի՝ նման երկընտրանքի առջև մեզ երբեք չեն կանգնեցրել։ Բայց թե որքան կխորացնեն սանկցիաները, և Թրամփի վարչակազմը որքան է ագրեսիվ լինելու, իհարկե, դժվար է կանխատեսել։ Այստեղ ակտիվ աշխատանք ունեն անելու նաև մեր լոբբիստական կառույցները, որ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները շատ ավելի ծանր վիճակի չեն բերի Հայաստանին, քան կբերեն նույնիսկ Իրանին»։