Սմարթֆոնը հաքերային հարձակումից պաշտպանելու 10 հեշտ քայլ
Լավ չպաշտպանված բջջային սարքերը կարող են հանգեցնել կարևոր անձնական տվյալների, կրեդիտ քարտի տվյալների և հաշիվների կորստի: Այս խորհուրդները կօգնեն պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր սմարթֆոնները հարձակումներից:
1. Թարմացրեք օպերացիոն համակարգը
Անմիջապես տեղադրեք օպերացիոն համակարգի նոր տարբերակները: Եթե դա տեղի չի ունենում ավտոմատ կերպով, ուշադրություն դարձրեք ծանուցագրերին և մի հետաձգեք գործողությունը: Հաճախ թարմացումներն ուղղում են նոր հայտնաբերված թերությունները:
2. Տեղադրեք հավելվածների նոր տարբերակները
Բջջային հավելվածների թարմացումներն էլ հաճախ չեն լինում ինքնաբերաբար: Սակայն դրանք թարմացնելը կարևոր է, քանի որ դրանք պարունակում են ուղղումներ` ձեր սարքի անվտանգության բարելավման համար:
3. Մի բեռնեք՝ ինչ պատահի
Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել հավելվածը ստեղծողների և բեռնման աղբյուրի նկատմամբ: Սա հատկապես վերաբերում է համացանցում պատահականորեն ստացված անվճար հղումներին: Վստահեք միայն ստուգված աղբյուրներին: Բացի այդ, մի բացեք կասկածելի հղումները, որոնք, օրինակ, խոստանում են մեծ մրցանակներ կամ շահումներ:
4. Անջատեք Wi-Fi-ը և Bluetooth-ը
Մի մոռացեք Wi-Fi-ի և այլ կապերի անջատումը, երբ դրանք չեք օգտագործում: Երբ Wi-Fi-ը և Bluetooth-ը միացված են, ձեր սմարթֆոն մուտք գործելը դառնում է մի քանի անգամ հեշտ:
5. Ուշադրություն դարձրեք տեքստային հաղորդագրություններին
Անմիջապես ջնջեք անհայտ հասցեներից ուղարկված հաղորդագրությունները, հատկապես այն հաղորդագրությունները, որոնք պարունակում են հղումներ կամ ձեր մասին որոշ տվյալներ: Մուտք մի գործեք կասկածելի կայքեր, որոնք գրավում են ձեր ուշադրությունը որևէ մրցանակով (օրինակ, հարցաշարը լրացնելու կամ նյութը դիտելու համար): Ջնջեք հաղորդագրությունն անգամ այն ժամանակ, երբ հղումը եկել է ձեր ծանոթից: Ամենայն հավանականությամբ, նրա հեռախոսը թիրախավորվել և հարձակման է ենթարկվել:
6. Օգտագործեք բարդ գաղտնաբառեր
Իհարկե, ավելի հեշտ է հիշել ակնհայտ գաղտնաբառերը (ծննդյան ամսաթիվը կամ ընդամենը 12345), բայց դրանք կարող են նույնքան ակնհայտ լինել նաև գողերի համար: Անհատական տեղեկատվության վրա հիմնված բոլոր համադրությունները, բառերը ցանկացած լեզվով, նշանակալի ամսաթվերը և այլն, համեմատաբար հեշտ են հայտնաբերվում: Ավելի ճիշտ է, երբ օգտագործում եք թվերի և տառերի տարբեր և անկանոն համադրություններ: Բացի այդ, կարող եք օգտվել գաղտնաբառերի մեսինջերներից:
Հիշեք, որ ամենատարածված գաղտնաբառերն են 123456, password, 12345678
qwerty, 12345, 123456789, letmei, 1234567, football, iloveyou համադրությունները:
7. Անջատեք հասանելիությունը հեռավորության վրա
Երկու ամենատարածված բջջային պլատֆորմներում գործում են «Android Remote Management» և «Find the iPhone» գործառույթները: Դրանք ձեզ տեղեկացնում են գողացված սարքի գտնվելու վայրը, սակայն միևնույն ժամանակ՝ կարող են տվյալների արտահոսքի պատճառ դառնալ: Բջջային հարթակներն առաջարկում են այլ ընդլայնումներ և հավելվածներ կորած հեռախոսը գտնելու համար:
8. Միացնել կոդավորված կրկնօրինակները
Հեռախոսի տվյալների ամենօրյա կոդավորված պատճենը կօգնի ձեզ վերականգնել տվյալները, եթե դուք կորցնեք սարքը:
9. Դուրս եկեք հաշիվներից
Հաճախ օգտագործվող հաշիվներից դուրս չգալը, իհարկե, շատ հարմար է: Սակայն նման հաշիվներից դուրս չգալը կարող է տվյալների արտահոսքի պատճառ դառնալ: Ամեն անգամ գաղտնաբառը կրկին հավաքելը ձանձրալի է, բայց ավելի ապահով:
10. Զգույշ եղեք հասանելի Wi-Fi-ից
Բաց, առանց գաղտնաբառերի կետերը հաքերների՝ սմարթֆոնները կոտրելու ամենասիրելի ճանապարհն են: Անգամ գաղտնաբառով Wi-Fi-ը կարող է վտանգավոր լինել: Նման կապի միջոցով հաքերները կարող են մուտք գործել ձեր սմարթֆոն, գողանալ ձեր տվյալները և հետևել ձեր բոլոր քայլերին: Այնպես որ, միացեք միայն վստահելի կապին:
Որպեսզի պարզեք, թե որդյո՞ք սարքը վտանգված է, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի նշանների, ինչպիսիք են մարտկոցի արագ լիցքաթափումը, իրենք իրենց բացվող և փակվող հավելվածները, բջջային կապի չափից շատ սպառումը:
Սիրարփի Աղաբաբյան