«Կա արտաքին մեծ ուշադրություն Մարտի 1-ի վերաբացման նկատմամբ»․ եվրոպացի փորձագետ
«ՀՀ իշխանությունների հեղինակության հարցն է՝ իրականացնել հասարակության համար վստահելի քննություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի քննության շուրջ զարգացումներին։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում 1992-95թթ. Հայաստանի հատուկ դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ասել էր, որ Մարտի 1-ի քննության քաղաքական բաղադրիչը գնալով ավելի է մեծանալու, ընդ որում՝ երկու կողմից էլ՝ պաշտպանության և մեղադրող կողմի: «Չեմ կարծում, որ այդ քաղաքական բաղադրիչի աճը, դրական դինամիկան ձեռնտու է լինելու Հայաստանի իշխանություններին և քննչական խմբին: Ռուսաստանի ռեակցիան մենք տեսանք, չեմ ուզում գնահատել Հայաստանի արձագանքի համարժեքությունը, բայց ես վստահ էի, որ Հայաստանը հետևյալ կերպ կարձագանքեր. ինձ թվում էր՝ Հայաստանը պետք է առաջարկեր համատեղ քննություն անցկացնել, և ոչ միայն՝ Ռուսաստանի ներկայացուցիչների, այլ նաև՝ միջազգային ներկայացուցիչների ընդգրկմամբ: Ես ուզում եմ հիշեցնել, որ դա ընդդիմության պահանջն էր 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, նաև անձամբ իմ պահանջն է եղել, միջազգային կազմակերպություններ են դրա մասին խոսել, հակառակ դեպքում՝ ես կասկած չունեմ, որ կողմերը բավարարված չեն լինելու: Եթե բոլոր կողմերը, մեր հասարակությունն ուզում է բազմակողմանի, օբյեկտիվ, անաչառ քննություն, ապա միակ ելքը դա է, այստեղ երկու տարբերակ չկա»,- ասել էր Շահնազարյանը։
Ուվե Հալբախն ասաց, որ իսկապես նման իրադարձությունների ժամանակին, անկողմնակալ ու բազմակողմանի, ամենակարևորը՝ ապաքաղաքական բացահայտումը շատ կարևոր է հասարակության և երկրի համար, քանի որ նման չբացահայտված քաղաքական գործընթացները կարող են շահարկման առարկա դառնալ ՀՀ-ում ցանկացած իշխանության կողմից՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապագայում ևս, եթե այս փուլում չբացահայտվեն։
Ըստ նրա՝ միջազգային հանրության համար ևս նման դեպքերում կարևոր է գործընթացի անաչառությունն ու թափանցիկությունը, հատկապես, երբ դրանում ներքաշված են նախկին իշխանությունների առանցքային դեմքեր, այդ թվում՝ նախագահը, որը կալանավորվել է։
«Հաշվի առնելով նախկին նախագահների ունեցած կապերը ողջ աշխարհում, երկրի վարկանիշը, նոր իշխանությունների և տեղի ունեցած հեղափոխության վարկանիշը, իսկապես պետք է հասնել տեղի ունեցած դեպքերի բարդությանը համարժեք քննության, իսկ դա, որքան ես եմ հասկանում, բազմաշերտ ու բարդ գործընթաց է, որը 10 տարի անց փաստերի բացակայության և ոչ բավարարության պայմաններում դժվար է քննել այնպես, որ բոլոր կողմերի ակնկալիքները բավարարվեն։ Բնականաբար, այստեղ ամենակարևորը մահացածների հարազատների ակնկալիքն է, սպանությունները պետք է բացահայտվեն, հրաման տվողները՝ ևս, պետք է անհրաժեշտ փաստական բազա հավաքագրվի, որը վստահելի ու ամբողջական կլինի»,- այս մասին ասաց միջազգայնագետը։
Նա նշեց, որ չի կարող ասել՝ կարելի՞ է վստահել այն քննչական մարմնին, որը ՀՀ-ում զբաղվում է այս գործով։ Նա վստահեցնում է, որ հասկանալի է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ քննիչների թիմ, նրանցից երկար ժամանակ է պահանջվելու այս գործի քննության համար, որը ևս ցուցիչ կլինի։
«Չեմ կարող ասել, թե որքանով են վստահելի կամ ոչ հայ քննիչները։ Բարդությունը կապված է այս դեպքերի ծավալների ու քննչական և դատական համակարգերի պատրաստվածության հետ։ Բնականաբար, միջազգային մասնագետներից կամ քննիչներից բաղկացած խումբ կարող է ներգրավվել այս գործերի բացահայտմանը, եթե դա ցանկանան Հայաստանում։ Աշխարհում կա նման պրակտիկա, ինչը սովորաբար կիրառվում է քաղաքական լուրջ հակասությունների առկայության պարագայում, բարձր անվստահության մթնոլորտի առկայության պարագայում:
Չեմ կարող նաև ասել, թե նոր մասնագետները որքանով հեշտ կարող են ներդրվել այս աշխատանքին, որքանով դա ժամանակատար կլինի, սակայն դա ներգրավված արտաքին կողմերին, ինչպես նաև՝ հայ հասարակությանը վստահություն կտա, որ գործընթացը վստահելի է, ամբողջական։
Սակայն կարծում եմ՝ առավելապես դա կհարթի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի արտաքին գործընկերների հետ այս գործի քննության թվացյալ կամ իրական ապօրինի ընթացքի պարագայում։ Դատելով ԱՄՆ Պետդեպի, Ռուսաստանի արձագանքներից՝ կա արտաքին մեծ ուշադրություն այս գործի վերաբացման նկատմամբ, կա մեծ հետաքրքրություն։ Ուստի ՀՀ իշխանությունների հեղինակության հարցն է՝ իրականացնել հասարակության համար վստահելի քննություն»,- ասաց Հալբախը։