Սերգեյ Համբարձումյանը գիտական մի ողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշներից է. Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն, ականավոր գիտնական, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:
Սերգեյ Համբարձումյանը հսկայական ավանդ ունի մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում, հեղինակ է շուրջ երկու հարյուր գիտական մեծարժեք աշխատությունների, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի քարտուղարի, գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոններում և տասնամյակների դասախոսական աշխատանքի ընթացքում նա մեծ ներդրում ունեցավ Հայաստանում գիտական կադրերի պատրաստման գործում:
Մեկ և կես տասնամյակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ Սերգեյ Համբարձումյանը հսկայական աշխատանք կատարեց աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ հանրապետության մայր բուհի կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն ու հայագիտության զարգացման օջախ դարձնելու, ինչպես նաև նոր ֆակուլտետների հիմնադրման գործում:
Սերգեյ Համբարձումյանը որքան եռանդուն ու նպատակասլաց էր Հայաստանի գիտական կյանքի կազմակերպման գործում, նույնքան հաստակակամ կեցվածք ունեցավ որպես Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ՝ Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում:
Կարծում եմ, չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը գիտական մի ողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշներից է և մեծ ու պայծառ հետք թողեց ոչ միայն հայկական և խորհրդային գիտության, այլև բոլորիս հիշողության մեջ:
Հայրենական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը: