Բաժիններ՝

Էդգար Մանուչարյանը՝ «Ալաշկերտի» հաղթանակի մասին

Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկային»: Եվրոպայի լիգայի որոկավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ՝ մրցակցի հարկի տակ խփած գնդակի շնորհիվ:

Սա պատմական արդյունք է հայկական ակումբի համար, քանի որ հայկական ակումբը 2-րդն է պատմության մեջ, որ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում:

Այս խաղին մասնակցում էր նաև երևանյան ակումբի նորեկ Էդգար Մանուչարյանը: Մանուչարյանը օրերս էր դարձել «Ալաշկերտի» ֆուտբոլիստ: Էդգար Մանուչարյանը նախկինում հանդես է եկել Երևանի «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» և «Ապելդորնում», իսկ վերջին տարիներին պաշտպանում էր Եկատերինբուրգի «Ուրալի» գույները:
Խաղից հետո Էդգարը կիսվել է իր տպավորություններով.

«Բոլորս ուրախ էինք՝ չնայած խաղից ուրիշ արդյունք էինք սպասում: Ամենակարևորը հաջորդ փուլ դուրս գալն էր: Առաջին խաղակեսում պիտի որոշեինք խաղի ելքը, այսքան չբարդացնեինք: Բայց մենք կատարեցինք մարզչի առաջադրանքները:

2 ամիս առանց ֆուտբոլի եմ եղել և շատ դժվար էր դաշտ վերադառնալը: Կարծում եմ, որ մեկ շաբաթից, կամ՝ 10 օրից արդեն լավ մարզավիճակում կլինեմ:

Իմ նպատակը լավ մարզավիճակ ձեռք բերելն ու հավաքականում խաղալն է: Շատ հաճելի է, որ երկրպագուները հիշում են և վանկարկում են իմ անունը:

Մրցակցի մասին դեռ ոչ մի բան չգիտեմ: Խաղերն էլ չեմ նայել: Դրա համար կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Բայց վստահ եմ, որ իրենց հետ էլ կարելի է խաղալ: Այնպիսի թիմ չէ, որ մտածենք շատ դժվար է լինելու: Կարծում եմ, նրանց հետ էլ կարելի է լավ արդյունքի հասնել»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս