Բաժիններ՝

Հայաստանում վերջին շաբաթում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է ութ երկրաշարժ, որից հինգը 3 բալ ուժգնությամբ՝ Թուրքիայի տարածքում: Չորս երկրաշարժ տեղի է ունեցել հուլիսի 26-30-ը Վան քաղաքից 37 կմ շառավղով սահմանափակված տարածքում և մեկը` հուլիսի 27-ին Սարիղամիշ քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևելք: Հուլիսի 28-ին 3-4, 4 և 3 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են համապատասխանաբար Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, Ռուսաստանի Դաշնության Բուրշի քաղաքից 54 կմ հարավ-արևելք և Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Հուլիսի 28-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրողություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսի Ֆլորես ծովում: Նույն օրը 6.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում` Մաթարամ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևելք, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 162 մարդ, ավերվել կամ վնասվել է առնվազն 1000 շենք-շինություն: Սողանքների առաջացման պատճառով իշխանությունները դադարեցրել են զբոսաշրջիկների այցը Ռինջանի հրաբխի տարածք, որտեղ ավելի քան 800 զբոսաշրջիկ արգելափակված էր մնացել: Երեք օրվա ընթացքում տարհանվել է ավելի քան հազար լեռնագնաց և զբոսաշրջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս