Իսրայելը դադարեցրել է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին։
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից:
«Որոշումն ընդունվել է հրկիզիչ խառնուրդներով օդապարիկների միջոցով շարունակվող ահաբեկչության եւ սահմանում տեղի ունեցող բախումների կապակցությամբ»,- հայտարարել է նախարարը:
ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում է, որ էներգակիրների մատկարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: