ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամներն աշնանը կայցելեն Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ ծրագրերին և հետագա համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումներից հետո երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին։ Կարևորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։
Ֆրանս Վիկերսը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, վերահաստատել իրենց կառույցի ՝ դրանց աջակցության հանձնառությունը։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, ինչի ընթացքում կնախանշվեն Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի մեր երկրին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։