«Իտալիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը». վարչապետ Կոնտե
Իտալիան իրեն հարմարավետ է զգում Եվրամիության շրջանակներում եւ չի պատրաստվում լքել այդ միավորումը: Այդ մասին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք մտադիր ենք մնալ, մենք մեզ հարմարավետ ենք զգում ԵՄ-ում: Սակայն, իհարկե, մենք ցանկանում ենք մնալ՝ ելնելով Իտալիայի քաղաքացիների պահանջմունքներից: Եվ իմ կառավարության դիրքորոշումը միանգամայն հստակ է առավել կարեւոր հարցերում, որոնք վերաբերում են միգրացիային, տնտեսական ու քաղաքական իրադրությանը: Մենք փորձելու ենք համոզել մասնակից մյուս պետություններին՝ Հռոմի հետ համադրել իրենց դիրքորոշումները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցազրույցը վարողի այն հարցին, թե Իտալիան մտադիր է արդյոք դուրս գալ Եվրամիությունից:
Կոնտեն այցով գտնվում է Վաշինգտոնում: Հուլիսի 30-ին Սպիտակ տանը կայացել է նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել: Պետությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են միգրացիայի հարցերը, առեւտուրն ու Էներգաանվտանգությունը Եվրոպայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: