Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին վերադառնալու պայմանը
Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով։
Հուլիսի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել է, որ դա պետք է ցանկանա նաեւ Իրանը, բայց նա հազիվ թե պատրաստ է այդ հանդիպմանը:
«Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն է»,- գրել է Աբութալեբին Twitter-ում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: