Անկախ մտահոգություններից՝ ՀՅԴ-ն նախարարական պորտֆելներից հրաժարվելու մտադրություն չունի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումից հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն տարածեց, որ «Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել՝ որպես քաղաքական հալածանք»։

Դաշնակցությունը նաև կոչ արեց «2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննություն» կատարել։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ավելի ուշ պարզաբանել էր կուսակցության այս հայտարարությունը և շեշտել՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ մեկի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դերը ստանձնելու ցանկություն չունի։

168.am-ի հետ զրույցում հարցին, թե Դաշնակցությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հանդես չի՞ գալիս, Ա.Համբարձումյանը հորդորեց ևս 1 անգամ ընթերցել հայտարարությունը։

«Մենք ընդամենը բարձրաձայնել ենք մեր մոտեցումները՝ մտահոգության տեսքով»,- ասաց նա։

Ըստ Ա.Համբարձումյանի՝ ներկա գործընթացները նախարարական պորտֆելներից հրաժարվելու խնդիր չեն առաջացնում, և ՀՅԴ-ում այդ հարցը չի քննարկվել։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունում ասվում էր. «Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան, և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերներն արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։

Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ, և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել՝ որպես քաղաքական հալածանք»։

Տեսանյութեր

Լրահոս