Ինչպես կարձագանքի Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու ՀՀ որոշմանը
«Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեկուզ շատ փոքր կոնտինգենտով, բացառիկ իրադարձություն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: «Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղարը: Նշենք նաև, որ զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինիքի գործընկեր երկրներ:
Ալեքսանդր Ռարին խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թեկուզ շատ փոքր կոնտինգենտով, բացառիկ իրադարձություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար հայկական կողմը հրաժարվել է մասնակցել այս միջոցառումներին՝ նշելով, որ կարևոր չի համարում:
Ըստ նրա, բնականաբար, խնդիրը ոչ այնքան այս միջոցառումների կարևորության բացակայությունն է եղել, որքան Ռուսաստանի հնարավոր արձագանքից զգուշավորությունը:
«Գուցե նախկին իշխանությունները Ռուսաստանից ստացել էին հրապարակային կամ ոչ այնքան հրապարակային ակնարկներ, որ հարկավոր չէ մասնակցել զորավարժություններին, քանի որ այդ քայլը խնդիրներ կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում, կամ գոնե կդիտարկվի խնդրահարույց: Բնականաբար, այս որոշումը չի վրիպի Ռուսաստանի ուշադրությունից, կարծում եմ` կլինի նաև արձագանք, սակայն ինչ մակարդակով ու ինչ տեսակի՝ կդժվարանամ նշել: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը կներկայացնի իր դիրքորոշումն ու մտավախությունները, եթե կան այդպիսիք, իսկ այդպիսիք կան, եթե Հայաստանը դիտարկում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացում: Իհարկե, այս զորավարժությունները և դրանց հայկական կողմի նման մասնակցությունը սիմվոլիկ բնույթ է կարծես կրում, մեծ քայլ հնարավոր չէ համարել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին ընդառաջ, սակայն քայլ է, որը իրենից, նախկին քաղաքականության համեմատ, փոփոխություն է ենթադրում: Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ուրվագծեց այն սահմանները, որոնց շրջանակում Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ըստ էության, չընդլայնելով այն շրջանակը, որոնք նախկին իշխանություններն էին սահմանել: Այդ պատճառով շատ էին կանխատեսումները, որ հայկական կողմը կհրաժարվի մասնակցել: Սակայն այլ որոշում կայացվեց»,- պարզաբանեց Ալեքսանդր Ռարը:
Գերմանացի քաղաքագետի կարծիքով, ի տարբերություն հայ-ռուսական հարաբերություններում առաջացող այլ հարցերի, ՆԱՏՕ-ի թեման Ռուսաստանին անհանգստացնող գլխավոր հարցերից մեկն է, ուստի վստահաբար կլինի արձագանք, հստակեցումներ և այլն:
«Ամեն դեպքում, չեմ կարծում, որ Ռուսաստանն անհանգստանալու է, քանի որ հայկական կողմից բազում հավաստիացումներ է ստացել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է հետապնդում: Եթե նույնիսկ անհանգստանալու առիթներ տեսնի, չի արձագանքի այդ ամենին այնպես, ինչպես իր մյուս գործընկերների դեպքում՝ հասկանալով, որ Հայաստանի անվտանգությունը լրջորեն կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանն առանձնապես մեծ այլընտրանքներ չունի, ՆԱՏՕ-ն իր կողմից հետաքրքրված չէ այս տարածաշրջանով, և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը կարող է սահմանափակվել միայն նրանով, ինչ կա, քանի որ ավելիի համար քաղաքական հանձնառություններ են անհրաժեշտ, որին Հայաստանը չի գնում: Ուստի արձագանքը կլինի զուսպ, աշխատանքային քննարկումների մակարդակում»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը:
Փորձագետի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, իր համար օգտակար է համագործակցությունն անվտանգության նման կառույցների հետ:
«Այս ոլորտում Հայաստանին անհրաժեշտ են նորարարություններ, բարեփոխումներ, լավ փորձ, կարծում եմ` Հայաստանին, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, այս համագործակցությունն օգտակար է: Սակայն կա նաև ՀԱՊԿ-ն, որտեղ Հայաստանն ունի պարտավորություններ, գործընկերներ, որոնց պետք է հարգի: