«Սա իշխանության «տրանզիտի» գործընթաց է». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել իշխանության փոխանցման կոնտեքստում։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, իշխանության փոխանցման գործընթացն է, որը մեզ մոտ դեռ ընթանում է և վերջացած չէ։ Այնուհետև մեզ մոտ կլինեն խորհրդարանական ընտրություններ, ու օրենսդիր իշխանության փոփոխությունը նույնպես տեղի կունենա։ Որպեսզի օրենսդիր իշխանությունը նույնպես անցնի իշխող ուժին, տեղի են ունենում տեղական իշխանությունների փոփոխություններ։ Վերջին հաշվով, ընտրություններն անց են կացնում, դրանց վրա ազեցություն են ունենում տեղական իշխանությունները։ Խորհրդարանական ընտրություններից հետո, ակնհայտ է, որ կփոխվի նաև դատական իշխանությունը։ Այսինքն՝ սա իշխանության «տրանզիտի» գործընթաց է»,- նշեց Ա. Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ իշխանության ամբողջական փոխանցման մեխանիզմներից մեկն այն սպասումների բավարարումն է, որոնք եղել են հանրության շրջանում մինչև նոր իշխանությունների գալը։ Երկրորդ մեխանիզմն այն մարդկանց հետապնդումն է, որոնք ինչ-որ ձևով կապված են եղել նախորդ ռեժիմի հետ։ Խոսքը գնում է երբեմն՝ պաշտոններ զբաղեցրած անձանց մասին, երբեմն՝ նրանց հարազատների, այն մարդկանց մասին, որոնք տարբեր կապերով կապված են եղել նրանց հետ, խոսքը գնում է նաև սիմվոլների մասին։ Ռոբերտ Քոչարյանն առաջին հերթին մարդկանց մեջ ընկալվում է՝ որպես այն քաղաքական համակարգի հիմնադիրը, որ եղել է մինչև վերջին ժամանակները։ Սերժ Սարգսյանն ընկալվում է՝ որպես իր իրավահաջորդը, և Քոչարյանն ընկալվում է՝ որպես մարդ, որը մեղավոր է շատ բաների մեջ, այդ թվում նաև՝ Մարտի 1-ի համար, որը հանրությանը գրգռող երևույթ է։ Նոր իշխանություններն օգտագործում են դա իշխանության փոխանցման գործընթացի շրջանակներում»,- նշեց քաղաքագետը։
Նա նկատեց, որ այս գործը չի քննվել, ու դա այն պատճառներից մեկն է, թե ինչու է այն համարվում գրգռող երևույթ. «Այն, ինչ տեղի է ունենում, օրենքի կիրառումն է, իսկ թե ինչքանո՞վ է այդ օրենքը համապատասխանում իրավական նորմերին, ես չեմ կարող դատել։ Ես գիտեմ, որ կա նախագահի անձեռնմխելիություն, իսկ թե ինչքանո՞վ այն կարելի է շրջանցել, ես չգիտեմ, բայց որ այս գործում չափազանց մեծ քաղաքական բաղադրիչ կա, դա այդպես է։ Այնպես չէ, որ ինչ-որ անկախ դատավոր հենց հիմա որոշեց հանկարծ անդրադառնալ այս գործին ու դրա քննությանը, սա ակնհայտորեն այդպես չէ»։
Ա. Իսկանդարյանը նաև նկատեց, որ հետխորհրդային տարածքում նախկին լիդերների հետապնդման դեպքեր եղել են. «Բայց բոլոր այդ դեպքերում նախագահներն արտասահմանում են գտնվում, ու ոչ ոք չի եկել իր երկիր, որ կանգնի դատարանի առաջ։ Քոչարյանը եկել է, այսինքն՝ սա նոր նախադեպ է ու քաղաքական իրականությունը մի քիչ այլ է դարձնում։ Քաղաքականության մեջ այս գործընթացը, որը տեղի է ունենում հիմա, կոչվում է «selective justice»՝ օրենքի ընտրովի կիրառում, այսինքն՝ մարդիկ հետապնդվում են օրենքի շնորհիվ, բայց հետապնդվում են մարդիկ, որոնք ունեն քաղաքական նշանակություն»։
Նա ասաց, որ այս գործում ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ կա, քանի որ խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի մասին. «Պատկերացնել, որ պարոն Փաշինյանը կամ նրա շուրջ եղած մարդիկ ոչինչ չգիտեն դրա մասին, ու դատավորը դա անում է իր սեփական նախաձեռնությամբ, որովհետև նա հետևում է օրենքին, ու այս ամենը որևէ կապ չունի քաղաքական իրականության հետ, դժվար է»։
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ հետագայում Ռոբերտ Քոչարյանը որակվի որպես քաղբանտարկյալ՝ հաշվի առնելով, որ արդեն երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, հայտարարություններ են տարածել, որտեղ նրանք նշում են, որ քաղաքական հալածանքի միտումներ են տեսնում, քաղաքագետը պատասխանեց, որ քաղաքական գործիչները կարող են նման տերմիններ օգտագործել, բայց ինքը՝ որպես քաղաքագետ, չէր ցանկանա նման տերմին օգտագործել, որովհետև իր խնդիրը ոչ թե մեղադրելն է, այլ՝ բացատրելը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։