Բաժիններ՝

ԿԳ նախարարը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին: Այս մասին նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 27-ին տեղի ունեցած սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված միջոցառմանը նախարար Հարությունյանն ասել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և հայրենիքում, և սփյուռքում:

«Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կատարելագործումը կարևորագույն խնդիրներից է: Այն իրականացվում է 2000 թվականից, որի ընթացքում վերապատրաստվել է սփյուռքի 36 երկրի շուրջ 1500 ուսուցիչ: Վերապատրաստումների արդյունքում որոշ համայնքներում ամբողջովին վերափոխվել են դասավանդման սկզբունքները և մեթոդները, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը: Ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռևս կան բազմաթիվ անելիքներ. վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական՝ իրապես արտացոլելով սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունը կնպաստեն հայեցի կրթության և հայ մանկավարժության զարգացմանը:

«Վստահ եմ, որ այն ոգևորությունը, որ ներկայումս կա Հայաստանում, դուք էլ եք կիսում, թեպետ սփյուռքն այդ օրերին մեծ աջակցությունն է ցուցաբերել շարժմանը և ունեցել իր կարևոր ներդրումը: Հուսով եմ, որ այն ինչ զգացել եք այս օրերին հայրենիքում կհասցնեք ձեր աշակերտներին և էլ ավելի նրանց կինտեգրեք ներհայաստանյան գործընթացներում: Թերևս առաջին անգամ ՀՀ ներքաղաքական կյանքն իրավամբ դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը, և սա ամենամեծ ձեռքբերումն է՝ մեր գաղթօջխների զարգացման և որ ամենակարևորն է՝ հայրենադարձության ճանապարհին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարությունից հայտնում են, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը պետական ամենամյա ծրագիր է, որն այս տարի իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

Ծրագիրը, որի տևողությունը մեկ ամիս է, գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է այնպես, որ այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Դասընթացներն իրականացրել են Մանկավարժական համալսարանը և Կրթության ազգային ինստիտուտը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 58 ուսուցիչ՝ 15 երկրից, որոնցից վկայական է ստացել 57 մասնակցության վերաբերյալ տեղեկանք՝ 1 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Բելառուս, Դանիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան, Կանադա, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ:

Այս տարի վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման և հայոց պատմության ուղղություններով: Յուրաքանչյուր խմբում լրացվել է 120 դասաժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս