Նախորդ երկու տարիներին զոհված զինծառայողների ընտանիքները և վիրավորված զինծառայողները կարող է փոխհատուցում ստանան
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կարող է փոխհատուցել նաև 2015 և 2016թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի, անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։ Քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են լուծել այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։
Նիստի ընթացքում որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։