Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապանի հայանքապետի ժամանակավոր պաշտոնակատարին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կապանի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, թե Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀՀ տարբեր մարզերում և համայքներում ձևավորված հանրային փոփոխությունների պահանջը թափանցում է հանրապետության գրեթե բոլոր ոլորտներ և իշխանությունների խնդիրն է ապահովել այդ գործընթացների սահուն և հանգիստ կազմակերպումը։
«Մենք պարտավոր ենք հաղթահարել այն տարաձայնությունը, որ առկա է համայնքային բնակչության սպասումների և առկա իրավիճակի միջև ու համատեղ ջանքերով հասնել համայքների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը», -ասել է նախարարը։
Հաղորդագրության համաձայն` Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային նշանակություն ունի տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը և միաժամանակ հավելել, որ այս գործում չափազանց կարևոր է մարզպետարանի, համայնքապետարանի և ավագանու անդամների համաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը։ Նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կկատարի հանրապետության չորրորդ քաղաքի ղեկավարի իր պարտականությունները և ունակ կլինի պատշաճ կազմակերպել առաջիկայում սպասվող ընտրությունները։
Նախարարությունից հայտնում են, որ իր խոսքում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն, անդրադառնալով Կապանում առկա հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծման հեռանկարներին, կարևորել է այդ գործում մարզային և համայնքային կառույցների փոխհամաձայնեցված աշխատանքը։
Նարեկ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կապան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ համագործակցության, ակտիվ աշխատանքի և կապանցիների գործուն աջակցության շնորհիվ հնարավոր կլինի երկրում արձանագրված դրական փոփոխություններն արագ հասցնել Կապան համայնք։
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը լսել է համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին անհանգստացնող մտահոգությունները, պատասխանել նրանց հարցերին։