Բաժիններ՝

Գագիկ Համբարյանի աշխատանքային իրավունքը վերականգնվել է

«Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը, դատարանի որոշմամբ, վերականգնեց իր աշխատանքային իրավունքը:

Հուլիսի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Գագիկ Լևոնի Համբարյանի հայցն ընդդեմ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտորի 15.03.2018թ. թիվ 52 հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցը:

Նիստը նախագահող դատավոր Հովհաննես Ղազարյանը, ներկայացնելով դատական վճիռը, նշեց, որ վերականգնվում է դասախոս Համբարյանի աշխատանքային իրավունքը, համալսարան հիմնադրամից հօգուտ Համբարյանի բռանգաձվում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը ՝ ամսական միջինը 194 հազար դրամ հաշվարկով: Վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամանակահատվածում:
Վճռի հրապարակմանը պատասխանող կողմի ներկայացուցիչ դատարանի դահլիճում չկար:

Գագիկ Համբարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց՝ շտապելու է աշխատանքի: «Ես 5 տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի դասավանդել եմ նույն բուհում և մինչ այս ոչ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությունից: Ինձ սիրում են նաև ուսանողները: Այս որոշումը, որ կայացվեց, բուհի գիտական խորհրդի խայտառակ պատկերն է՝ դասախոսի հասարակական գործունեությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա գիտամանկավարժական որակի համար»,- նշեց դասախոսը:

Մի քանի օրից կմեկնարկի այս անգամ բուհի մեկ այլ դասախոսի՝ Հովհաննես Խորիկյանի ներկայացրած նմանատիպ հայցի քննությունը:

Դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքային պայմանագրերը լուծարվել են նույն հիմքով՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետով (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) և 122-րդ հոդվածի 2-րդ կետով (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք են հանդիսացել ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաեւ նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները:

Համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի եւ դասախոսական կազմի հարաբերությունների վատանալուց հետո Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին ռեկտորն աշխատանքից ազատել էր:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս