Լվացքի մեքենա կոտրելը՝ «PR ակցիա»՝ ըստ ՊԵԿ նախագահի
«Տվյալ անձը 2010-2017 թթ. 5 անգամ քաղաքացիություն է փոխել, 5 անգամ՝ անձնագիր, և վերջին 1 ամսվա ընթացքում 13 սահմանահատման դեպք է ունեցել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով երեկ տարածված տեսանյութին, որտեղ քաղաքացին կոտրում է իր լվացքի մեքենան։
Հիշեցնենք, որ քաղաքացին ասել էր, որ 100 դոլար արժողությամբ լվացքի մեքենայի մաքսազերծման համար իրենից 100 դոլար են պահանջել։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ օրենսդրության համաձայն, նրան ասել են, որ պետք է մաքսազերծի, բայց որևէ 100 դոլարի մասին խոսք չի եղել, և դա են վկայում նաև ՊԵԿ-ի տեսախցիկները։
Այդ անձի գործողությունը Դ.Անանյանը «PR ակցիա» որակեց։
«Մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում»,- վստահեցրեց նա։
Անդրադառնալով հայրենադարձության հետ կապված դեպքերին, երբ, օրինակ, անձին թույլ չեն տալիս իր մեքենայով ՀՀ մուտք գործելու դեպքում լրացուցիչ 4 անվադող բերել, Դ.Անանյանը նշեց, որ ՀՀ և ԵԱՏՄ օրենսդրության հակասության կա. «Երբ մեր հայրենակիցները վերադառնում են, մեր օրենքով անձնական գույքի համար չպետք է մաքսատուրք վճարեն, ԵԱՏՄ դեպքում դա տարածվում է արտերկրյա քաղաքացիների վրա, և մեր քաղաքացիների վրա՝ միայն ավտոմեքենայի մասով։ Անձնական օգտագործման մեքենա կարող են ներմուծել, ավտոդող՝ ոչ»։
Մանրամասները՝ տեսանյութում