
Համանախագահները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման առաջարկ են արել. Բալայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը, ինչպես և կատարվել է նախկինում»,- ասաց Բալայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: Հանդիպմանը ներկա էին նաև Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա):