Բաժիններ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում որոշում դեռևս չունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի առաջին համարի հարցում որոշում չի կայացվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքապետի հավանական թեկնածու Ալեն Սիմոնյանը:

«Դեռևս քննարկվում է, որևէ հայտարարի չենք եկել: Ինքնաառաջադրված 4 թեկնածուներից բացի այլ թեկնածուներ չկան»,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ դեռևս քննարկման փուլում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:

ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են՝ Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Վերջինս իր հերթին նշեց, որ նիստում քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երևանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները:

«ՔՊ վարչությունը ընթացակարգի համաձայն որոշումը կընդունի առաջին համարի թեկնածուի վերաբերյալ և կհրապարակվի»,- ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ թեկնածուի հարցով նախապատվություն ունի, Ղազարյանն ասաց, որ թեկնածուն պետք ընտրվի վարչության կողմից, փակ քվեարկությամբ:

Ինքնաառաջադրված թեկնածու Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ բոլոր թեկնածուների առաջադրումները քննարկվել են, նրանցից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը և Հայկ Մարությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս