«Պետք է քննարկվի, թե ինչ ձևով ենք գնում ընտրությունների` նախկին ձևաչափով, թե նոր». Արմեն Ռուստամյան
Դաշնակցության Գերագույն մարմինը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում դեռևս չի կայացրել, և հարցը կքննարկի ընտրությունների օրը հայտնի լինելուց հետո: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք կոնկրետ քննարկում կանենք, երբ ընտրությունների օրը կնշանակվի: Մասնակցության ոչ մի խոչընդոտ չկա, բայց այդ որոշումը կկայացնի Գերագույն մարմինը, քանի որ դա քաղաքական լուրջ ընտրություն է: Պետք է քննարկվի, թե ինչ ձևով ենք գնում ընտրությունների` նախկին ձևաչափով, թե նոր»,- նշեց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանն այս ավագանու ընտրություններից մեծ սպասելիքներ ունի, քանի որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ Երևանի ավագանու նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն չէր մասնակցել խորհրդարանական ընտրություններից հիասթափվելու պատճառով:
«Երևանի ավագանու նախորդ ընտրություններին չմասնակցեցինք, որովհետև տեղի ունեցած ԱԺ ընտրություններում, մեր գնահատմամբ, համատարած ընտրակաշառքի երևույթ կար, որը շատ սահուն անցնելու էր Երևանի ավագանու ընտրությունների վրա, և քանի որ այնտեղ քաղաքական մակարդակը ավելի ցածր էր, քան համապետական ընտրության մակարդակը, այդ պատճառով չմասնակցեցինք: Իսկ այժմ նոր քաղաքական իրավիճակ է, այս իրողություններն էլ նոր մոտեցումներ են պարտադրելու ամեն քաղաքական ուժի: Ընտրություններն էլ կանցնեն լրիվ այլ մթնոլորտում, որը ավելի ժողովրդավար կլինի, ենթադրում եմ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են, որ Դաշնակցությունը միայնակ չի կարող հաղթահարել անցողիկ շեմը ու պետք է լքի քաղաքական դաշտը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ տարիների ընթացքում իրենց կուսակցության հասցեին տարբեր քննադատություններ են հնչել:
«Ինչպես տեսնում եք` բոլորը գալիս-գնում են, իսկ Դաշնակցությունը մնում է»,- նշեց Ռուստամյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Արտահերթ ընտրություններն անցկացվում են նույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: