
Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վստահեցնում է՝ կան կազմակերպություններ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորել «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցի՝ դեռևս չկառուցված հատվածները:
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ ներկայում իրենք մտածում են պետության պարտավորությունների գույքագրման, առկա հնարավորությունների հստակեցման, հետո նոր ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ: «Այն, որ որոշ հատվածների համար դեռևս ֆինանսավորում չունենք, պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք գույքագրել այս պահին պետական պարտքի, պետության ֆինանսական վիճակի հետ կապված հարցերը: Հասկանանք՝ որն է ավելի առաջնահերթ, ապա ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցը քննարկենք: Կան պատրաստակամ կողմեր, որոնք հակված են միջոցներ տրամադրել: Հարցն այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է, չէ այդպիսի խնդիր չունենք»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ վարկային համաձայնագրով տրամադրված 540 միլիոն դոլարից 222 միլիոն դոլարն է ծախսվել, մնացած մասն առկա է:
Դեռևս ֆինանսավորում առկա չէ Արտաշատ-Սիսիան (շուրջ 175 կմ), Սիսիան-Քաջարան (շուրջ 60 կմ), Գյումրի շրջանցիկ (շուրջ 23 կմ), Գյումրի (Քեթի) – Բավրա (շուրջ 35 կմ) ճանապարհահատվածների համար: