
«Կրոնական որևէ կազմակերպության կամ աղանդի անդամ չեմ եղել և չեմ. Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ». ՀՀ մշակույթի նախարար

Հանրային հեռուստաընկերության «Կեսգիշերն անց» հաղորդման ժամանակ կոնկրետ հարցին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այդքան էլ հստակ չպատասխանեց, ինչը քննարկումների առիթ դարձավ։
168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ մշակույթի նախարարին՝ խնդրելով հստակեցնել՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, թե՞ ոչ։ «Այո՛, ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ 1999 թվականի օգոստոսի 30-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում»,- ի պատասխան՝ նշել է նախարարը։
Հարցին՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության տեսանյութերից մեկում երևում է անձ, որն արտաքնապես նման է Ձեզ, խնդրում ենք պարզաբանել՝ Դուք որևէ կապ ունե՞ք այդ կառույցի հետ, նա այսպես է պատասխանել. «Կրոնական որևէ կազմակերպության կամ աղանդի անդամ չեմ եղել և չեմ, և Ձեր նշած տեսանյութի կամ նմանատիպ որևէ տեսանյութում երևացող անձանց հետ առնչություն չունեմ»։