ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է ասել Կոմերսանտին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է Կոմերսանտում իր խոսքերի հրապարակումը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միտքս ձևակերպել եմ հետևյալ կերպ, որի մի մասը Կոմերսանտը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել:
«Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաև Աֆղանստանում և Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարևոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Կոմերսանտը գրել է, որ ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին, քանի որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որպեսզի տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիներ: