«Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունն անհրաժե՞շտ է». Դանիել Իոաննիսյանը՝ կուսակցությունների ներկայացուցիչներին

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կուսակցությունների ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք տեսնում են ընտրություններին ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության անհրաժեշտությունը։

Դ. Իոաննիսյանը նշեց, որ 2017 թվականին տեսանկարահանում իրականացվել է 2000 ընտրատեղամասերից 1500-ում, որի համար ծախսվել է 2.5 միլիոն եվրո։ Նա նկատեց, որ տեսանկարահանումը թանկ հաճույք է, և հետաքրքրվեց, թե արդյո՞ք կուսակցությունները տեսնում են դրա անհրաժեշտությունը։

«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Կարինե Սարգսյանը կարծիք հայտնեց, որ տեսախցիկներ պետք է տեղադրվեն բոլոր տեղամասերում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ նշեց, որ, եթե կա գումարի խնդիր, նախընտրելի է, որ տվյալների գրանցման միասնական սերվերը գործի։ Իսկ առհասարակ, Ա. Խաչատրյանը տեսախցիկների առկայության անհրաժեշտությունը տեսնում է, միայն թե, գտնում է՝ նկարահանումները պետք է արխիվացվեն, ինչը, ըստ նրա, նախկինում չի արվել։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ հիմա այլ քաղաքական իրավիճակում են գնալու ընտրության, ու այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, որոշակորեն չի լինելու. «Այնուամենայնիվ, տեղերում, հատկապես՝ գյուղական համայնքներում, մենք այդ հնից ամբողջովին չենք ձերբազատվել, ու այն անձինք, որոնք իշխանություն էին, որոշ չափով մնացել են։ Հասկանալի է, որ ոստիկանությունը հիմա իրենց վերահսկողության տակ չի լինելու, բայց գյուղական վայրերում անձնական, բարեկամական ֆակտորը գործելու է։ Որ այդ տեղական կապերը չաշխատեն, դեռևս տեսանկարահանումները պետք են։ Որ այս ընտրության ժամանակ տեսնենք, որ որևէ խնդիր չի առաջանում, տեսանկարահանումների ընթացքը կարող ենք դադարեցրել»։

Դ. Իոաննիսյանն ասաց, որ նախորդ ընտրությունների տեսախցիկները բաժանվել են պետական կառավարման տարբեր հիմնարկների միջև, ու դրանց մի մասը ծառայում է պետական հիմնարկների անվտանգության պահպանման համար, մի մասն էլ պահեստներում են։ Նա նշեց, որ խնդիրը ոչ թե տեսախցիկներն են, այլ դրանց տեղադրումը և աշխատեցնելը։

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյան էլ նշեց, որ, եթե բազայում կան այդ տեսախցիկները, ապա պետք է անպայման օգտագործել դրանք. «Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում նոր քաղաքական զարգացումներ չեն բացառվում, տեսախցիկներ իսկապես անհրաժեշտ են»։

Տեսանյութեր

Լրահոս