Անի Զախարյանն առաջարկում է ընտրագրավի շեմն իջեցնել, որ միայն «օլիգարխիկ» ուժերը չմասնակցեն ընտրություններին
Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կուսակցությունների ներկայացուցիչների հետ հրավիրել է քննարկում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով։
Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք բաց են բոլոր առաջարկների համար։ Նա ընդգծեց, որ ՀՀ-ին գոնե այս փուլում անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրական համակարգ, որը հնարավորություն կտա, որ ընտրությունները լինեն ավելի քաղաքական միջոցառում։ Նա նաև նշեց, որ իրենք ուզում են մեկական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար սահմանելով՝ 4, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս շեմ։
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ ասաց, որ իրենք դեռևս 2016թ. դեմ են արտահայտվել ռեյտինգային ընտակարգին, որովհետև դա տանելու է քաղաքական պայքարը ռեսուրսների, վարչական լծակների և թաղային հեղինակությունների պայքարի, ինչի ականատեսը, ըստ Ա. Խաչատրյանի, հանրությունը եղավ 2017 թվականին։ Նա նշեց, որ իրենք պաշտպանում են այս հարցում հանձնաժողովի այդ դիրքորոշումը։
Նա ասաց, որ կոալիցիաներ կազմելու սահմանափակման վերաբերյալ իրենք ևս առաջարկ են արել։ Նրանք գտնում են, որ ոչ թե 3 ուժեր պետք է հնարավորություն ունենան իրար հետ կոալիցիա կազմել, այլ անսահմանափակ թվով կուսակցություններ, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը։ Ա. Խաչատրյանն ասաց, որ այն սահմանափակումը, որը կա հիմա, արհեստական է։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ պետք է քննարկվի նաև Երևանի քաղաքապետի ուղիղ ընտրության հարցը։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականին ՀՀԿ-ն՝ հակառակ ամբողջ քաղաքական դաշտի, ընդունեց այն դրույթը, որով քաղաքապետին ընտրում է ավագանին։
Նա նկատեց, որ հանձնաժողովն ասում է, որ մատների թանաքոտում չի լինելու, ու, ըստ նրա՝ շատ կարևոր է մեկ ընտրող, մեկ քվե մեխանիզմն ապահովել՝ կրկնաքվեարկությունները բացառելու համար։
Անդրադառնալով անցողիկ շեմն իջեցնելու մասին առաջարկին՝ նա ասաց, որ դա գովելի է, բայց իրենց համար ավելի ընդունելի կլիներ, որպեսզի անցներ «Ժառանգության» առաջարկը, ըստ որի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3 տոկոսն է, դաշինքների համար՝ 5-ը։ Նա գտնում է՝ դա հնարավորություն կտա, որպեսզի կուսակցություններն ավելի ներկայացված լինեն ԱԺ-ում, ինչը, ըստ Ա. Մարտիրոսյանի, խորհրդարանական երկրի պարագայում կարևոր է։
Դ. Իոաննիսյանն ասաց, որ համայնքի ղեկավարի ընտրության հարցն իրենք դեռ չեն քննարկել, բայց դա քննարկման ենթակա հարց է։
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն էլ ասաց, որ երկրում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, ու անհրաժեշտ են արմատական փոփոխություններ.
«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելիս պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենան։ Մենք գտնում ենք, որ ժողովրդավարութան սկզբունքներից մեկն այն է, որ բոլոր կուսակցությունները պետք է հավասարազոր իրավունք ունենան մասնակցել ընտրություններին։ Եթե մենք ընտրագրավի բարձր շեմ ենք սահմանում, մենք այդ դեպքում սկզբունք ենք դնում այն, որ կարող են մասնակցել ընտրություններին այն կուսակցությունները, որոնք օլիգարխիա են ներկայացնում, ովքեր բիզնեսի հետ կապված են, ու այդտեղ ընտրությունները կլինեն էլի փողի ընտրություններ, ոչ՝ գաղափարների։ Մենք առաջարկում ենք արմատապես կրճատել այդ ընտրագրավի շեմը»։
Դ. Իոաննիսյանն ասաց, որ, եթե ընտագրավ չլինի կամ լինի շատ ցածր, ապա առաջադրված դաշինքների և կուսակցությունների թիվը շատ մեծ կլինի, իսկ պետությունը տրամադրում է ռեսուրսներ առաջադրվող ուժերին, ու, եթե ընտրագրավի գումարը շատ ցածր լինի, ռիսկեր կլինեն։