Դիտորդական առաքելություն իրականցնող ՀԿ-ների ներկայացուցիչներն առաջարկում են փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմը

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա ընտրությունների համար առաջարկում են փոխել տարածքային հանձնաժողովների կազմը:

«Առաջարկում են կատարել տարածքային, կենտրոնական հանձնաժողովների կազմերի փոփոխություն: Եթե կազմերի փոփոխություն չլինի, հանրային վստահությունը մեծ չի լինի: Հատկապես տարածքային հանձնաժողովները թերի զարգացած են»,- Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով` ԿԸՀ-ի ձևավորման շրջանակը սահմանված է օրենքով: Ձևավորման կարգը սահմանադրական է: Իսկ տարածքային հանձնաժողովների խնդիրը լուծելու համար ժամանակը շատ կարճ է: «Տարածքային ընտրական հանձնաժողովներում կան մարդիկ, ովքեր, իմ կարծիքով, քրեակատարողական հիմնարկներում պետք է հայտնվեն: Այդ խնդիրը կա, և դրան իսկապես լուծում է պետք: Սակայն, մյուս կողմից, կա անմեղության կանխավարկած, պետք է ապացուցել»,-ասաց Իոաննիսյանը:

Նրա կարծիքով` մեկ բան հստակ է` առաջիկա ընտրություններում կազակերպչական առումով չպետք է կորցնել որակը:

Տեսանյութեր

Լրահոս