«Մենք և «Երկիր Ծիրանին» շատ անգամ ենք խոսել, որ այս ավագանին պետք է լուծարվի». Դավիթ Խաժակյան
«Օրենքն այնքան էլ լավ չի նախատեսում, թե ինչ է նշանակում՝ առաջադրում, բայց այսօր ունենք առաջադրված մեկ թեկնածու, որն այսօր չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Օրենքը մանրամասներ չի ներկայացնում, թե ինչպես պետք է այդ արձակումը տեղի ունենա, որովհետև օրենք գրողները չեն մտածել, որ կարող է քաղաքապետը հրաժարական տալ։ Բայց սա կարգավորվում է Երևանի ՏԻՄ օրենքով և ԸՕ-ով, որտեղ ասվում է, որ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում երկու շաբաթ շարունակ, կամ, եթե այդ թեկնածուն չի ընտրվում։ Թեկնածուն չի ընտրվելու այսօր, հետևաբար՝ քաղաքի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել»,- պարզաբանեց Խաժակյանը։
Կառավարությունը, ըստ նրա՝ երկու շաբաթվա ընթացքում՝ ավագանու արձակումից հետո, ունենալու հնարավորություն՝ նշանակելու արտահերթ ընտրության օր. «Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։ Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, դա ընկնում է սեպտեմբերի առաջին կեսին»։
Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին չմասնակցել նիստին այն դեպքում, որ, եթե մասնակցեին էլ, քվորում չէր ապահովվելու, սա կարծես համահունչ է ՀՀԿ-ի որոշմանը՝ չմասնակցել նիստին, նա պատասխանեց. «Մենք հայտարարությունը տարածեցինք շաբաթ օրը, որևէ տեղեկություն չունենալով՝ արդյոք հանրապետականներն առաջադրում կատարելո՞ւ են, թե՞ ոչ։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս ավագանին պետք է լուծարվի, և լինեն նոր ընտրություններ։ Մենք ճիշտ համարեցինք, որ ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը տան Երևանի բնակիչները, և ավագանու արտահերթ ընտրությունների միջոցով՝ տալով որևէ ուժի մեծամասնություն, որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը։ Մենք և «Երկիր Ծիրանին» շատ անգամ ենք խոսել, որ այս ավագանին պետք է լուծարվի»։
Նա հավելեց, որ պատրաստվում են ընտրություններին, իսկ քաղաքապետի թեկնածուի հարցը դեռևս չեն քննարկել։