«Եթե այդ ընտրություններն անցկացնելու ենք այն կերպ, ինչպես նախորդ տարի, ապա կարող ենք ասել, որ որևէ բան մեր երկրում չի փոխվել». Զարուհի Փոստանջյան

«Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստն այսօր անցկացվի»,- այսօր Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ մեկ տարի առաջ ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են:

«Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: Այս պահին Երևանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ ոհմակից, բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երևանը, այդ քանդված և աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երևանը, ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»:

Արտահերթ ընտրությունները, ըստ Փոստանջյանի՝ Երևանում պետք է տեղի ունենան նախկին օրենսդրության պայմաններում, որը գործել է մինչև մեծ համահայկական ընտրությունները. «Մենք գնում ենք համապետական ընտրությունների, որը տեղի է ունենալու Երևանում: Երևանում եթե մենք կարողանալու ենք անցկացնել իրապես հավասար պայմաններում թափանցիկ, արդար ընտրություններ, ապա կարող ենք ասել, որ համահայկական ընդվզումը գրանցեց արդյունքներ, եթե այդ ընտրություններն անցկացնելու ենք այն կերպ, ինչպես նախորդ տարի, ապա կարող ենք ասել, որ որևէ բան մեր երկրում չի փոխվել, ավտորիտարիզմը շարունակում է գործել ՀՀ-ում»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում դեռ չկան սահմանադիր այն օրենքները, որոնցով երկիրը կլինի ժողովրդավար պետություն. «Այս պահի դրությամբ մեր պետական կառուցվածքը դեռ ավտորիտար է: Այսինքն՝ այն օրենքները, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքական միավորները, դեռ ավտորիտար են: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մեր ժողովուրդն իր կամքը դրսևորի և, որպես ազատատենչ քաղաքացիներ, մասնակցի ընտրություններին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս