Բաժիններ՝

Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնություն

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից:

Այս մասին հայտարարություն է տարածել « Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը:

Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև տեսագրված փաստեր, կրկին ու կրկին բարձրաձայնվում են դեպքեր, որոնց ժամանակ այդպես էլ չլսվեց Ամենայն Հայոց Հայրապետի հայրական խոսքն ու մխիթարությունը, «հրապարակվեց ազգային սրբությունների անօրինական վաճառքն ու օտարումը և Մայր Աթոռի կողմից հաստատվեց Ս. Գեղարդի թաքուն օտարումը ոչ ավել, ոչ պակաս, ռուս քաղաքապետի»:

«Խոսեցին բոլորը՝ հոգևորականներ, մտավորականներ, բայց հայոց ազգը սպասում էր Գարեգին Բ-ի խոսքին: Այն չհնչեց, ավելին՝ հայ հասարակության և սփյուռքի ուշադրությունը շեղելու համար, օգտագործելով իր լծակները, համացանցում հարձակում սկսեց իր հրաժարականը պահանջողների, մասնավորապես «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման դեմ, որի կուլմինացիան հուլիսի 13-ին հրաժարականի պահանջով Մայր Աթոռում գտնվող ցուցարարների վրա ամոթալի հարձակումն էր»,-ասվում է հաղորդագրությունում և նշվում, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հրապարակավ Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խնդրվող հանդիպումից:

«Ցուցարարները որոշեցին հանդիպել կաթողիկոսին ճանապարհին, բայց նա ինքնաբանտարկվեց մեքենայում»,-ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք, և նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին նրա մեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս