Բաժիններ՝

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդում կձևավորվի ֆինանսական աջակցության հարցերով զբաղվող խումբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա:

Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ:

Խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը»,- գրել է Մանե Թանդիլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս