
ՔԿԾ պետն այցելել է «Հրազդան» ՔԿՀ և հանձնարարել խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով եղել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում և ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված իրավասությունների սահմաններում:
Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, զրուցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին: Եղել է զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին:
Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվել է համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ: