««Նորֆոլկին» փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն». Դավիթ Անանյան
««Նորֆոլկը» լուծարման գործընթացում է, լուծարային ստուգումն այսօր իրականացվում է, հաջորդ շաբաթ մենք լուծարային ստուգման ակտը կավարտենք, և մինչև ամսվա վերջ «Նորֆոլկն» ամբողջությամբ լուծարված կլինի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունն արդեն լուծարվե՞լ է, թե՞ դեռ գործում է, և ի՞նչ պայմաններով։
Ըստ նրա՝ մինչ լուծարման ավարտն ընկերությունը որոշակի ճշգրտումներով շարունակում է աշխատել՝ ՊԵԿ ներքին անվտանգության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։
««Նորֆոլկին» փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց ինքը ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչ «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող: Խնդիրն այն է, որ այսօր մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողները պատրաստ չեն ամբողջությամբ իրենք պատասխանատվություն կրել, գալ ու ինքնուրույն մաքսային ձևակերպումներ իրականացնել: Մենք պետք է աստիճանաբար ձևավորենք այնպիսի մշակույթ, որ բոլոր ապրանքները մաքսազերծվեն ըստ տեսականու»,- ասաց Դ.Անանյանը՝ կարևորելով ոչ բրենդային հագուստի շուկայում ցնցումներից խուսափելը, ինչի պատճառով էլ պետությունն է որոշակի ռիսկ վերցնում իր վրա:
Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ այն, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե մինչև հուլիսի 20-ը պետությանը պատճառված վնասը՝ 7 մլն դոլար, ամբողջությամբ վերականգնվի. «Դրա մի մասն արդեն վերականգնվել է, իսկ 5 մլն դոլար ընկերությունը պիտի մինչև ամսի 20-ը վերականգնի:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, ՊԵԿ նախագահի խոսքով, այսօր իր պարտականությունները կատարում է ՊԵԿ ներքին անվտանգության աշխատակիցների հսկողությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում