«Ես առաջին, երկրորդ և երրորդ լավագույն ֆուտբոլիստն եմ աշխարհում». Կրիշտիանու Ռոնալդու
Այժմ ամեն ինչ պաշտոնական է՝ Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենթուսի» խաղացողն է: Այս տրանսֆերից հետո Լա լիգան կորցրեց ոչ միայն ֆուտբոլի պատմության լավագույն, այլև աշխարհի ամենաքննարկված ֆուտբոլիստներից մեկին: Պորտուգալացիների անկեղծությունն ու էգոն երբեք անտարբեր չեն թողել լրագրողներին և երկրպագուներին:
Ռոնալդուն, թերևս, այն ֆուտբոլիստն է, ում տեղափոխությունը քննարկվեց գրեթե այնքան, որքան ամենասպասված ֆուտբոլային իրադարձությունը՝ Աշխարհի առաջնությունը: Սա ևս խոսում է Ռոնալդուի մեծության մասին: Այն, որ ինքն Աշխարհի ու ֆուտբոլի պատմության լավագույններից է, պարբերաբար նշել է նաև հենց ինքը՝ Ռոնալդուն: Սա գուցե արվել է այն պատճառով, որ Ռոնալդուն ֆուտբոլային աշխարհում նաև շատ է քննադատվել իր կերպարի համար: Պետք է նշել նաև, որ ֆուտբոլիստը հրաշալի կերպով պահպանել է իր թիմի կողմից ստեղծված կերպարը:
«Կարծում եմ, որ ես արժանի եմ ստանալ Ոսկե գնդակ ամեն տարի»:
Կրիշտիանուն միշտ իրեն համարում է լավագույնը, ինչն էլ հաստատել է 2013 թվականին A Bola-ին տված հարցազրույցում:
«Եթե բոլորն իմ մակարդակում խաղային, ապա մենք առաջինը կլինեինք»:
2015-2016 մրցաշրջանում Ռոնալդուին դուր չէր եկել, թե ինչպես են խաղում իր թիմակիցները: Այս հայտարարությունից հետո նա արժանացավ իր թիմակիցների քննադատությանը:
«Ինձ սուլում են նրա համար, որ ես հարուստ եմ, գեղեցիկ և մեծագույն ֆուտբոլիստ եմ: Նրանք նախանձում են ինձ»:
Չեմպիոնների լիգայի՝ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում Ռոնալդուին բարկացրել էր ոչ միայն այն, որ մրցավարները սխալներ էին թույլ տվել, այն նաև իրեն սուլելու հանգամանքը:
«Ես գիտեմ, որ դուր եմ գալիս նրանց, ովքեր սիրում են ֆուտբոլը»:
2012 թվականին Կիպրոսի հետ որակավորման խաղում երկրպագուները գոռում էին Մեսսիի անունը, ով այդ ընթացքում լավ մրցաշրջան էր անցկացնում: Այդ դեպքից հետո Ռոնալդուն արեց այս արտահայտությունը:
«Ես առաջին, երկրորդ և երրորդ լավագույն ֆուտբոլիստն եմ աշխարհում»:
2008 թվականին Ռոնալդուն ստացավ իր առաջին «Ոսկե գնդակը» և նշեց, որ այլ կերպ չի կարող լինել: Սակայն O Estado de Sao Paulo-ի հետ զրույցում Ռոնալդուն նաև նշեց, որ Կական, Մեսսին և Տորրեսը ևս լավ մրցակիցներ են:
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն ևս մի քանի արտահայտություններ է արել ինքն իր մասին:
«Կարծում եմ՝ ես արդեն հասցրել եմ մտնել խաղի պատմության մեջ: Ես միշտ ձգտել եմ դրան, ես աշխատել եմ դրա համար մանկուց: Հեշտ չէ լինել ֆուտբոլիստ և դառնալ աստղ՝ ամեն անգամ հավակնելով ճանաչվել լավագույնը: Ինձ մոտ ստացվել է»:
«Օդանավակայանը կոչվել է իմ անունով: Դա զարմանալի չէ: Բոլորն էլ գիտեն, որ ես սիրում եմ հպարտանալ իմ արմատներով; Ես միշտ ասել եմ, որ առանձնացող և տարբերվող մարդկանց պետք է գովել կենդանության օրոք: Շնորհակալ եմ Պորտուգալիային համարձակության, անկեղծության և իրենց գաղափարին հավատարիմ մնալու համար»:
«Իմ հաջողությունները շուտով կդառնան նշաձող շատերի համար: Պատահական չէ, որ ես այսքան ռեկորդներ եմ կոտրել: Դա ինձ համար նպատակ չի եղել, բայց հաճելի է ամեն անգամ նոր ռեկորդներ սահմանելը»:
«Մարդկանց լարում է իմ փայլը: Միջատները միշտ գնում են դեպի լույսը»:
«Այնպիսի տպավորություն է, որ ամեն խաղից հետո ես ստիպված եմ ապացուցել, թե ով եմ: Զարմանալի է երկրպագուների կարծիքն իմ մասին, ամեն ինչի փոխարեն՝ խոսում է վիճակագրությունը: Ես պրոֆեսիոնալիզմի մարմնացում եմ, բայց քննադատությունը դառնում է ավելի ու ավելի շատ»:
«Կարդացի երկրպագուի հաղորդագրությունը՝ Կրիշտիանու, դու լավագույնն ես: Իհարկե, ես լավագույնն եմ: Ստուգեք, թե ով ստացավ The best կոչումը նախորդ շաբաթ»,- ասել է Ռոնալդուն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:
««Google»-ում փնտրեք՝ Կրիշտիանու Ռոնալդու, և կտեսնեք իմ գոլերը: Իմ գոլերն արձանագրված են այնտեղ: Ես շատ հանգիստ եմ»:
Սիրարփի Աղաբաբյան